Ժամանակակից աշխարհում ռազմականացման միտումներն առնվազն վերջին 5-10 տարվա ընթացքում կայուն աճ են արձանագրում: Միաժամանակ գլոբալ առումով աճ ունենք նաև կոնֆլիկտային գոտիների և ճգնաժամային իրավիճակների մասով: Սա վերաբերում է ոչ միայն հակամարտությունների քանակի ավելացմանը, այլև դրանց մեջ ընդգրկված կողմերի, այն ներառող մասշտաբների աճին, բնույթի ինտենսիվացմանը: Ընդհանուր ռազմականացված տարածաշրջանների ցանկում Հարավային Կովկասն առաջատար դիրքեր է զբաղեցնում: Դա մի կողմից կապված է այնտեղ առկա պասիվ և ակտիվ փուլում գտնվող հակամարտություններով, մյուս կողմից՝ այդ տարածաշրջանի որոշ երկրների (օրինակ՝ Ադրբեջանի) որդեգրած քաղաքականությամբ: Ռազմականացման և ռազմական հավասարակշռության վերաբերյալ տեղեկատվությունը, որ տարաբնույթ միջազգային և տեղական հետազոտական կենտրոններ («Military Balance» report, SIPRI Arms Transfers Database, Janes world armies, Global Firepower(GFP) ranking և այլն) հանրայնացնում են, իրենց հիմքում, ինչպես օգտագործված մեթոդաբանության, այնպես էլ առկա տեղեկատվության մասով բավական տարբերվում են միմյանցից: Վերոնշյալ կենտրոնների զեկույցների և տեղեկանքերի ուսումնասիրումից պարզ է դառնում, որ նրանց մի մասը ներկայացնում են ուղղակի տեղեկատվություն երկրներում առկա ռազմական ներուժի մասին, մյուսները՝ դրա հիմքով դասակարգումներ են կազմում: Վերջինի պարագայում ոչ միշտ են պահպանվում մեթոդաբանական ու տեղեկատվական օբյեկտիվության ու գրագիտության տարրական և մասնագիտական կանոնները:

Օրինակ՝ երբ դիտարկում ենք պետությունների ռազմական հզորության դասակարգման «Global Firepower (GFP)» կազմակերպության մոտեցումները, տեսանելի են դառնում մի շարք լրջագույն խնդիրներ՝ կապված ՀՀ-ի և Ադրբեջանի ռազմական հավասարակշռության ներկայացված պատկերի հետ: Խնդիրները նախ վերաբերում են այդ դասակարգման մեթոդաբանությանը, ապա այն տեղեկատվությանը, որն օգտագործվել է դասակագրման մեջ: Նշենք, որ ըստ այդ կենտրոնի Ադրբեջանի ռազմ. հզորության ինդեքսը գլոբալ հարաբերակցության մեջ 63-երրորդն է, մինչդեռ ՀՀ-ինը՝ 74-ն է: Դիտարկելով դասակարգումը՝ պարզ է դառնում, որ կենտրոնի փորձագետները հավաքագրել են տարբեր երկրների (Հայաստան, Ադրբեջան) զինված ուժերի, զինտեխնիկայի, օդուժի և ռազմածովային նավատորմի վերաբերյալ ընդհանուր քանակական, ինչպես նաև տվյալ երկրների տիրապետման տակ առկա ռեսուրսների, լոգիստիկ հնարավորությունների, ֆինանսական միջոցների, աշխարհագրության վերաբերյալ տեղեկատվություն և առանց նշելու համեմատության, վերլուծության օգտագործված մեթոդաբանությունը, ամենայն հավանականությամբ քանակական հարաբերման մեթոդով, կազմել են նշյալ «ռազմական հզորության» դասակարգումը:

Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ քանակական հարաբերման մեթոդը բավարար չէ երկու՝ պասիվ (ակտիվացող) պատերազմի մեջ գտնվող երկրների ռազմական հզորության ինդեքսների հարաբերման պարագայում:

Ըստ բրիտանական՝ «Military Balance 2013/14» զեկույցի՝ ՀՀ զինված ուժերի ընդհանուր թիվը կազմում է մոտ 44,8 հազ., որտեղ ցամաքային զինուժի քանակը 41,8 հազ. է (ըստ «Janes World Armies 2012»-ի տվյալների ՀՀ-ի զինուժի թվաքանակը կազմում է 41,7 հազ.): Մինչդեռ «GFP»-ի տվյալներով այն 68 հազ. Է (Active frontline personal): «Military Balance 2013/14» զեկույցի համաձայն՝ Ադրբեջանի ազգային բանակի թիվը կազմում է 66,9 հազ., որից ցամաքային ուժերը կազմում են 56,8 հազ.: Ըստ «Janes World Armies 2012»-ի տվյալների՝ 57 հազ., մինչդեռ «GFP»-ի տվյալներով այն 67. հազ է:

Նախ նշենք, որ ՀՀ-ի մասով դասակարգումների մեջ չի հաշվառվում ԼՂՀ ՊԲ քանակը, քանի որ որևէ կենտրոն չունի նրա վերաբերյալ հարաբերականորեն օբյեկտիվ տվյալներ, ինչպես նաև կենտրոնների վերլուծություններում սովորաբար որևէ կերպ չի հաշվարկվում ՀՀ-ում առկա ՌԴ ՊՆ ռազմ. կոնտինգենտը, որը, որքան էլ որոշ փորձագետները հերքում են նրա կարևորությունը ռազմ. հարաբերակցության պարագայում, այնուամենայնիվ, ունի կարևոր նշանակություն ՀՀ անվտանգության ապահովման օպերատիվ և ռազմավարական մակարդակում:

Եթե համադրենք «GFP»-ում ներկայացված ՀՀ-ի և Ադրբեջանի զինուժի տվյալները, ապա առավել հավանական է, որ դրանք այդքան էլ ճշգրիտ չեն, հետևաբար նրանց հիմքով համեմատությունը չի կարող արտացոլել իրականությունը: Ավելին՝ անգամ եթե ադրբեջանական կողմը մի շարք այլ կենտրոնների տվյալներով ունի առավել մեծ քանակի զինուժ, ապա օպերատիվ մակարդակում ռազմական հարաբերակցության պայմաններում դա նրան երաշխավորված հաջողություն չի խոստանում: Բանակի հզորությունը որակի և ոչ թե քանակի մեջ է: Իսկ այդ որակի լավագույն ցուցիչը 2013-ից առավել ակտիվ սահմանային բախումների, չստացված դիվերսիաների ու դիպուկահարների «մարտերի» ժամանակ ադրբեջանական կողմի՝ գերակշռող կորուստներն են:

Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի տեխնիկական համալրվածության ցուցիչը կարևոր գործոն է «GFP»-ի կողմից ներկայացվող դասակարգման մեջ: Նախ նշենք, որ դասակարգման մեջ ներկայացվում են զինտեխնիկայի տեսակատիպային միայն մի քանի խմբեր, որտեղ իրենց հերթին ներկայացված չեն պետությունների տիրապետման տակ առկա զինտեխնիկայի կոնկրետ տեսակաները, նրանց քանակը, մոդիֆիկացիան: «GFP»-ն ներկայացնում է միայն երկրների զինտեխնիկայի կազմից խմբային որոշ ընդհանուր թվեր, որը մեթոդաբանորեն նույնպես թերի է: Ավելին՝ ինչպես նշվեց վերևում ՀՀ-ի զինուժի ցուցիչների քանակային նկարագրում, հաշվարկված չեն ԼՂՀ ՊԲ տեխնիկան, որը նույնպես դասակարգման համար կարևոր բացթողում է: Վերջապես հարկ է նշել, որ դասակարգման մեջ միայն տեխնիկայի քանակով և զինված ուժերում՝ առանց դրա «կիրառման հմտություններ»-ի գործակցի հաշվառման, հնարավոր չէ օբյեկտիվ դասակարգում կազմել:

Ընդհանուր առմամբ ի տարբեություն մի շարք այլ դասակարգումների, «GFP»-ի դասակարգումը, բացի վերոնշյալ ցուցիչների մասով խնդիրներից, իր մեջ պարունակում է մի շարք այլ՝ ներկայացված դասակարգման արդյունքները կասկածի տակ դնող մեթոդաբանական և հետազոտական բացթողումներ: Դրանք կապված են հետազոտվող երկրների զինված ուժերի մարտական պատրաստվածության գործակիցների վերհանման, բանակի բարոյահոգեբանական պատրաստվածության մակարդակի որոշման, տարբեր զորամիավորումների փոխգործակցության արդյունավետության և ոչ մարտական պայմաններում կորուստների քանակի, պետական իշխանության լեգիտիմության մակարդակի և քաղաքական կայունության աստիճանի հետ:

Առանց վերոնշյալ բաղադրիչների հետազոտության ռազմական հարաբերակցության ցանկացած դասակարգում թերի է և կիրառելի միայն քարոզչական հարթակներում, որտեղ ոչ միշտ է անհրաժետ փաստական հիմնավորվածության հանգամանքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել