Հիմա ավելի սառը մեր հավաքականի երեկվա խաղին մասին: Նախ՝ Սերբիայի հետ կայացած խաղի համեմատությամբ այս անգամ լավ ստացվեց: Մեծ նշանակություն ունեցավ նաև այն, որ խաղում էինք տանը՝ սեփական երկրպագուների աչքերի առջև: Խաղային առումով կար միտք, կային գրոհներ, պահեր ունեինք, հարվածներ կար... Մնում էր միայն իրացնել պահերը: Գաղտնիք չէ, որ նման մակարդակի խաղերում պետք է խստագույնս լուրջ վերաբերվել ունեցած յուրաքանչյուր փոքր պահերին: Դանիայի հավաքականի կատարմամբ մենք այդպես էլ սուր խաղ չտեսանք և լրիվ հնարավորություններն ունեինք այս խաղում հաղթելու համար: Բայց այստեղ կրկին մարզչական միջամտության կամ պակասը, կամ էլ ժամանակավրեպ լինելը զգացվեցին: Խոսքս վերաբերում է հատկապես երկրորդ խաղակեսին: Սարգիս Հովսեփյանը նշել էր խաղից հետո, որ ինքը տեղյակ էր, թե որքան ժամանակ կարող էին խաղադաշտում անցկացնել Ռուսլան Կորյանը և Արաս Օզբիլիսը... Ըստ ԺՊ-ի՝ ինքը ճիշտ ժամանակին մտցրեց երկու ֆուտբոլիստներին, քանի որ հենց այդ պահից սրվեց մեր խաղը: Թույլ տվեք չհամաձայնել Հովսեփյանի հետ, քանի որ մեր խաղը սուր էր հենց առաջին րոպեներից: Իսկ ահա եթե փոխարինումները, ընդ որում բոլոր երեքն էլ, կատարվեին 60-65 րոպեներին, ապա վստահ կարող եմ ասել, որ մենք հաղթելու էինք այդ խաղում: Չեմ կարծում, որ Ռուսլանն ու Արասը, եթե կարողանում են խաղալ վերջին 10-15 րոպեներին, ապա չէին կարող դա անել, ասենք, 25 րոպե: Գևորգ Կասպարովի համար այս խաղն այնքան էլ լարված չէր, հետևաբար, ճիշտ գնահատել նրա կարողությունը դժվար կլինի: Որքանով դանիացիները մեր դարպասի մոտ գոլային պահեր ստեղծեցին, Կասպարովն այդ դրվագներում վստահ խաղաց: Ուրախալի էր նաև, որ Գևորգը ճիշտ էր դուրս գալիս տեղից նաև ստանդարտների ժամանակ: Մի քանի չնչին սխալները նորմալ են, սա ֆուտբոլ է: Հովսեփյանը նշեց, որ լավ կլիներ, եթե հավաքականում ունենայինք 3-4 Մխիթարյան: Հիմա ես կասեմ, որ լավ կլիներ, եթե պաշտպանությունում ունենայինք 3-4 Գայել Անդոնյան: Սա չի նշանակում, որ մեր մյուս պաշտպանները ոչինչ չարեցին, ուղղակի Գայելի բարձր կարգը հստակ էր: Գայելի մոտ փորձառուների սառնասրտություն կա, ինչը ողջունելի է: Չկա գեթ մեկ դրվագ, երբ Գայելը մեր տուգանային մատույցներից գնդակը հեռացնի հենց այնպես: Այսինքն՝ Անդոնյանը նույնիսկ գնդակը հեռացնելիս փորձում է անել այնպես (և կարողանում է անել), որպեսզի ստացվի ճիշտ փոխանցում դեպի առաջ: Խոսելով ընդհանուր պաշտպանության մասին՝ նշեմ, որ վատ չէր: Կրկին որոշակի սխալներ կային, բայց լավ էր՝ այս անգամ ամեն բան նորմալ ավարտվեց: Զգացվում էր, որ պաշտպաններն առավել քան ուշադիր էին այս խաղում, և որպես դրա ապացույց՝ օդային մենամարտերում հաղթած գրեթե յուրաքանչյուր դրվագն էր: Լավ խաղաց նաև փոխարինման դուրս եկած Վարազդատ Հարոյանը: Այս անգամ ավելի զգալի էր Հրայր Մկոյանի լավ խաղը: Ի տարբերություն Սերբիայում կայացած խաղի՝ այս անգամ Հրայրը կարողացավ փակել եզրը՝ սուր փոխանցումներ թույլ չտալով մրցակցին: Կամո Հովհաննիսյանը մեծ ծավալի աշխատանք կատարեց: Կամոյի մոտ առայժմ կաղում են սուր փոխանցումները եզրից: Ամեն բան կարողանում է անել արագության հաշվին: Եթե հղկվի նաև փոխանցումներ կատարելու կուլտուրան, ապա Կամոյից ավելի շատ վտանգ կարելի է սպասել: Բայց Կամոն այս խաղում ամեն բան դրել էր մինչև խաղի 65-րդ րոպեն: Հետևաբար, Օզբիլիսը մեզ մետք էր հենց ադ րոպեից: Կամոն լարվածություն էր ստեղծել դանիացիների պաշտպանության ձախ եզրում, և պետք էր լարվածության տրամաբանական շարունակությունը պահել Օզբիլիսի հաշվին: Իսկ Արասն ուշ մտավ փոխարինման... Մարկոսի լավ մարզավիճակը կասկած չի հարուցում: Հաճելի է հետևել Մարկոսի խաղին, գնդակի հետ նրա վարվեցողությանը, ուղեղին, փոխանցումներին, հարվածներին: Մարկոսին փոխարինելն ընդունել էի այնքանով, որ մեզ երկրորդ հարձակվողը պետք էր... Բայց Ռուսլանը նույնպես փոխարինման դուրս եկավ ուշացած: Եթե ավելի շուտ հայտնվեր Կորյանը, ապա վստահ եմ, որ մեծ բան կփոխեր մեր խաղի մեջ: Որպես ապացույց՝ մի քանի րոպե խաղադաշտում, բայց հրաշալի գործողություններ, փայլուն փոխանցում Յուրային... Մխիթարյանի մասին երկար չգրեմ: Այն ֆուտբոլիստն է, ով միշտ անում է իր աշխատանքը: Հաճելի տպավորություն թողեց Գևորգ Ղազարյանը: Ես միշտ նշել եմ, որ մեր ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը հենց Գևորգն է: Ուղղակի հոգեբանական մի փոքր անկումը հանգեցրել էր նրան, որ Ղազարյանը կորցրել էր ինքնավստահությունը: Զգացում է, որ Մարիտիմուն իր դրական ազդեցությունն աստիճանաբար ունենում է Գևորգի խաղի վրա: Մովսիսյանն այս անգամ ավելի լավ տպավորություն թողեց, ավելի շատ էր խաղի մեջ, քան ընտրական նախորդ խաղերում՝ միասին վերցրած: Ինչ վերաբերում է Յուրայի չօգտագործած հնարավորությանը, ապա եթե ուշադիր նայեք դրվագի կրկնապատկերը, ապա հստակ կհասկանաք, որ Յուրան ժամանակից շուտ էր պատկերացրել գնդակը ցանցի մեջ: Հենց դա էլ, վստահ եմ, խանգարեց մեր հարձակվողին: Ու հենց սրա մասին էլ գրել եմ վերևում, որ պետք է խստագույնս լրջորեն մոտենալ յուրաքանչյուր պահին: Չգիտեմ՝ ում համար ոնց, ինձ համար չերևաց մարզչական ձեռագիրը: Ես վստահ եմ, որ այն խաղը, որը մենք տեսանք մեր թիմի կատարմամբ, դա հենց ֆուտբոլիստներինն էր: Մարզչական ձեռագիրը կերևար այն դեպքում, եթե երկրորդ խաղակեսի միջնամասից գոնե փոխվեր մարտավարությունը: Հստակ երևում էր, որ Դանիան վտանգավոր չէր առջևում: Հետևաբար, կարելի էր փորձել խաղալ երեք պաշտպաններով: Նման դեպքում ավելի կհագեցվեր կիսապաշտպանությունը, Հենոն ավելի առաջ կքաշվեր, խաղադաշտ դուրս կգար կամ հենակետային կիսապաշտպան՝ պաշտպանի փոխարեն, կամ կենտրոնում ևս մեկ հարձակողական ոճի ֆուտբոլիստ: Կրկնում եմ՝ պաշտպանի փոխարեն: Այսինքն՝ փոխեինք խաղային սխեման և անցնեինք 3 պաշտպանի, քանի որ ունեինք խաղային զգալի առավելություն, և պետք էր դա անպայման օգտագործել: Իսկ առջևում պետք է գործեինք երկու հարձակվողներով, այլ ոչ թե Ռուսլանին օգտագործեինք ենթահարձակվողի դիրքում: Որքանով տեղյակ եմ, կորցնելու բան չունեինք...

Անկախ ամեն ինչից՝ հերթական անգամ կրկնեմ. ՄԵՆՔ ՍԻՐՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ! Եվ ինչպես հնչում է ՖԱՖ-ի վանկարկումներում՝ ՄԵՆՔ ՄԻՇՏ ՁԵՐ ԿՈՂՔԻՆ ԵՆՔ, ՏՂԵ՛Ք ՋԱՆ!

Հ.Գ. - Հենց ֆուտբոլիտների՛ կողքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել