Կարդացե՞լ եք «Գազպրոմ Արմենիայի» տնօրեն Վարդան Հարությունյանի սքանչելի հարցազրույցը, որտեղ այս փայլուն մարդն ու մեծ հայրենասերը ճղճիմ փորձեր է կատարում հիմնավորելու, թե այդ ոնց է լինում, որ գազը հա էժանացնում են Հայաստանի համար ու սահմանի վրա մեզ վաճառում են 160 դոլարով, բայց մեզ համար գազն այդպես էլ չի էժանանում:

Ու ի՞նչ եք կարծում, ինչ-որ նոր բան ասե՞լ է այս խելոքը: Ոչ իհարկե: Էլի հին նվնվոցները մեծածավալ ներդրումների ու տատանվող փոխարժեքների մասին: Հեքիաթ: Գազպրոմի հայաստանյան ներկայացուցիչն անամոթավարի ստում է ու պարզապես մերկապարանոց հայտարարություններ է անում:

Հարց չկա, ներդրումներ եք արել, փոխարժեքի տատանումներից կորուստներ եք կրել... ցույց տուր: Եթե մաքուր եք, ապա ինչո՞ւ չեք հրապարակում ձեր հաշվետվությունը, որ մենք էլ տեսնենք, թե իրականում որքան ներդրում եք արել վերջին մի քանի տարիների ընթացքում: Կասկածում եմ, որ այդ թիվը լինելու է մոտ 0 ամբողջին: Փոխարժեքի՞ց եք նվնվում: Էս տարեսկզբից դրամը շատ ավելի կայուն է եղել, քան ռուբլին, հետևաբար ձեր վճարած դոլարները ռուբլու կոնվերտացնելու հետևանքով ձեր գլխամասի հաշվետվություններում երևալու է, որ դուք մի բան էլ բազմապատկել եք ձեր շահույթը՝ շնորհիվ նույն փոխարժեքի տատանման:

Հետո հեքիաթներ ա պատմում, որ Ուկրաինան իրա գազն ունի, Բելառուսն ու Վրաստանն էլ տարանցիկ երկրներ են, դրա համար են սուբսիդավորում: Սա էլ է ինչ-որ փուչ հեքիաթ: Դա, իհարկե, իր դերակատարությունն ունի, բայց Բելառուսն ու Վրաստանը կարողանում են դա անել առաջին հերթին նրա համար, որ իրենց գազատրանսպորտային համակարգը չեն տվել «Գազպրոմի» պիղծ ձեռքերն ու թույլ չեն տվել աբսուրդային այն իրավիճակը, որն առկա է մեզ մոտ, երբ նույն ընկերությունն իբր իջեցնում է գազի գինը մեր երկրի համար, իսկ գործնականում՝ իր դուստր ձեռնարկության համար, հետո իր իսկ դուստր ձեռնարկությունն այդ էժան գազն արդեն մեր՝ բնակչությանս վրա վաճառում է կրկնակի գնով: Իսկ եթե հաշվի առնենք «Գազպրոմ Արմենիայի» ապացուցված ժուլիկությունները գազի կալորիականության հետ, ապա ստացվում է, որ մեզ եռակի են թանկ վաճառում գազը:

Հետևություն, «Գազպրոմը», ինչպես «ՌԱՕ»-ն ու այլ ռուսական մեծ ընկերություններ անուղղելի են ու խորապես ախտահարված են տիպիկ ռուսաստանյան անպատասխանատվությամբ ու անհագ ագահությամբ: Նրանց սթափեցնել կարող է միայն մեկ բան՝ իրենց հայաստանյան ակտիվների ազգայնացման իրական ռիսկը, եթե գործելաոճը չվերանայեն: Այս առումով շատ որոշիչ նշանակություն կունենա «ՀԷՑ»-ի հետագա ճակատագիրը: Եթե «ՀԷՑ»-ին նայելու վճռականություն ունենան, դա նախադեպ կստեղծի նոր «Գազպրոմ Արմենիայի» համար, բայց, կարծում եմ, անգամ դրան էլ բանը չի հասնի, որովհետև վախից իրենք կտրուկ քայլերի կդիմեն, ու վդռուգ կպարզվի, որ գազի գինն իջեցնելը միանգամայն հնարավոր է:

Բայց, կրկնում եմ, սրա համար պետք է մեր իշխանությունների վճռականությունն ու քաղաքական կամքը: Եթե չլինի դա, չեն լինի նաև վերոնշյալ բաղձալի հետևաքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել