Ս.թ. սեպտեմբերի 3-6 ՀՀ-ում անցկացվեցին «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնց հիմնական նպատակն էր պատերազմական վիճակում գտնվող երկրում «արտաքին ագրեսիայի ցանկացած դրսևորման» սցենարի պարագայում հստակեցնել և գնահատել ՀՀ պետական կառավարման և ռազմական անվտանգության ապահովման գերատեսչությունների գործողությունների ներդաշնակությունը, փոխգործակցության մակարդակը և այդ գործողությունների արդյունավետությունը:

«Շանթ-2015» հայտարարված զորավարժությունների սցենարով իրականացվել են տարհանման, պարետային ժամի հայտարարման, փախստականների ընդունման և բաշխման, նրանց բուժ.օգնության տրամադրման, քաղաքացիական պաշտպանության և այլ բնույթի գործողություններ: Բուն ռազմական գերատեսչությունների մասով զորավարժության ընթացքում անցկացվել են ինչպես պաշտպանական, հարձակողական, այնպես էլ հակահարձակման սցենարներից բխող քայլեր: Խաղարկված ռազմական սցենարներում նաև եղել է այնպիսի բաղադրիչ, որի պարագայում, եթե ռազմական հարձակման իրավիճակում ՀԱՊԿ գործընկեր պետությունը չկատարի իր պարտավորությունները և օգնություն չտրամադրի Հայաստանին, մենք ինչ քայլեր պետք է ձեռնարկենք: Զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրատարր է եղել արտակարգ իրավիճակներում տեղեկատվական տիրույթում պետության անվտանգության ապահովման ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացման սցենարների իրագործումը:

Զորավարժությունների մշակված սցենարները գրեթե բոլոր բաղադրիչների մասով ցույց տվեցին, որ մենք հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման դեպքում ընդհանուր առմամբ պատրաստ ենք իրականացնել անվտանգային ապահովման միջոցառումներ: Սակայն զորավարժությունները նաև ի ցույց դրեցին, թե որ ոլորտներում որ չափով, ո՞ր բաղադրիչների մասով մենք ունենք թերացումներ, շտկման անհրաժեշտ իրավիճակներ: Իսկ դրանք, բնականաբար, չենք կարող չլինել:

Կարծում եմ՝ ամենից կարևոր երեք խնդիր զորավարժությունների ընթացքում և արդյունքում, անգամ մասնակիորեն, լուծումներ ստացան. 
Նախ՝ պատերազմի մեջ գտնվող երկիրը պարբերաբար պետք է թեստավորի իր ներուժը և անվտանգության ռեսուրսները: Երկրորդ՝ հարևան երկիրը` Ադրբեջանը (և ոչ միայն նա), պետք տեսնի և գիտակցի, թե ինչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ իր համար ռազմական սցենարի գործարկումը: Երրորդ՝ հայ հասարակությունը չպետք է մոռանա, որ պատերազմը չի ավարտվել, և հստակ գիտակցի, որ մենք իրականում, անգամ քաղաքացիական կյանքում, «արտակարգ ռեժիմով» ենք ապրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել