Lragir.am-ը գրում է.

Եվրոպայում փախստականների ճգնաժամ է: Սիրիայում պատերազմի հետևանքով տասնյակ հազարավոր մարդիկ են բռնել Եվրոպայի ճանապարհը: Եվրամիության երկրներում ապաստան փնտրողների թվում մեծ է նաև աֆղանների, իրաքցիների թիվը: Այս տարի Գերմանիան, ըստ հաշվարկների, 800 հազար ապաստանի դիմում է սպասում: Բեռլինը փախստականների վրա ծախսվող գումարներն ավելացրել է քառակի: 2015 թ. կհատկացվի 10 միլիարդ դոլար: Ընդհանուր առմամբ, այս տարի Եվրոպայի ճանապարհն է բռնել մոտ 1 միլիոն փախստական:

Փախստականների ուղին սկսվում է Սիրիայից, Լիբիայից և միջերկրածովյան այլ երկրներից: Նրանք նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ,  այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա:

Փախստականների մեծ մասը ցանկանում է ապաստան ստանալ Գերմանիայում: Գերմանիան պատրաստ է ընդունել փախստականների, սակայն պահանջում է, որ ԵՄ մյուս երկրներն իր հետ կիսեն այդ բեռը:

Մեծ Բրիտանիա. 2014 թ. մարտից մինչև 2015 թ. մարտ Մեծ Բրիտանիան ռեկորդային՝ 330 հազար ներգաղթյալի է ընդունել, որից 180 հազարը Եվրոպայից են: Գերմանիան Լոնդոնին մեղադրում է փախստականների բեռը չկիսելու մեջ: Վարչապետ Դևիդ Քեմերոնը խստորեն քննադատել է միգրանտներին հավասար բաշխելու Բեռլինի առաջարկը: «Մեծ Բրիտանիան այլևս չպետք է փախստականների ընդունի Մերձավոր Արևելքից»,- օրեր առաջ հայտարարել է Քեմերոնը:

Լեհաստան. Այս երկրի արտաքին գործերի նախարար Գժեգոժ Սխետինան հայտարարել է, որ պետք է միջոցառումներ ձեռնարկվեն անօրինական ներգաղթյալների մուտքը ԵՄ արգելելու համար: Լեհերը համաձայն են օգնել միայն նրանց, ովքեր իսկապես ապաստանի կարիք ունեն, այլ ոչ թե աշխատանքային միգրանտներին: Վարշավան պատրաստ է հաջորդ 2 տարիներին առավելագույնը 2000 սիրիացի փախստականի ընդունել՝ նշելով, որ առանց այդ էլ ներգաղթյալների մեծ հոսք կա Ուկրաինայից:

Ֆրանսիա. Փարիզը Բեռլինի հետ միասին փորձում է առաջ մղել ԵՄ միգրացիոն քաղաքականությունում փոփոխությունները: Նրանք առաջարկում են արդարացի բաշխել փախստականներին: Ֆրանսիայում անցկացված վերջին հարցումները ցույց են տվել, որ բնակչության մեծ մասը դեմ է նոր փախստականներ ընդունելուն:

ՀուգարիաՀունգարիան փախստականների համար դեպի առավել զարգացած երկրներ ճանապարհի գլխավոր «հավաքակայանն է»: Հունգարիան պատ է կառուցում Սերբիայի հետ սահմանին, որպեսզի կանխի փախստականների մուտքը երկիր, քննադատում է ԵՄ միգրացիոն քաղաքականությունը: Վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ փախստականների մեծ մասը դեպի Գերմանիա է ձգտում, հետևաբար խնդիրը Գերմանիայինն է:

ԻտալիաԻտալիան Ֆրանսիայի և Գերմանիայի հետ միասին համաձայնագիր է ստորագրել, որում կոչ է արվում վերանայել ապաստան տրամադրելու վերաբերյալ ԵՄ քաղաքականությունը և փախստականներին «արդարացի» բաժանել ԵՄ երկրների միջև: Բեռլինն ու Փարիզը Հռոմին մեղադրում են, որովհետև վերջինս չի շտապում փախստականների գրանցման կենտրոններ բացել: Իտալիայի ԱԳՆ-ը պատասխանել է, որ իրենք առանց այդ էլ շատ բան են անում՝ փրկելով հազարավոր կյանքեր: «Եվրոպան չպետք է գրոհի արտաքին սահմաններում գտնվող երկրները»,- ասել է Իտալիայի ԱԳ նախարար Պաոլո Ջենտոլինին:

Սլովակիա. Երկրի վարչապետ Ռոբերտ Ֆիկոն նշել է, որ Սլովակիան քրիստոնեական երկիր է և միայն քրիստոնյա ներգաղթյալների կընդունի:

Շվեդիա. Սկանդինավյան երկրում բնակչության 77%-ը դրական է տրամադրված փախստականների հանդեպ: Անցյալ տարի Շվեդիան 80 հազար ներգաղթյալի է ընդունել: Սակայն երկրի միգրացիոն քաղաքականության նկատմամբ դժգոհությունը գնալով աճում է: «Շվեդիայի դեմոկրատներ» ծայարհեղ աճ կուսակցությունը, որը, ըստ հարցումների, առաջին անգամ երկրի ամենամեծ ժողովրդականություն վայելող ուժն է, պատրաստվում է հանրաքվե նախաձեռնել միգրացիոն քաղաքականությունը խստացնելու համար:

Իսպանիա. Պաշտոնական Մադրիդը ևս մերժել է փախստականների բաշխման վերաբերյալ Բրյուսելի առաջարկը: Իսպանիայի ԱԳՆ-ը նշել է, որ Բրյուսելը հաշվի չի առել իրենց մոտ գործազրկության բարձր մակարդակը, ինչի պատճառով չեն կարող պայմաններ առաջարկել փախստականներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել