Երբ լեթարգիական քնի մասին խոսք է հնչում, անմիջապես «Քնած գեղեցկուհին» հեքիաթ ենք հիշում: Հետո մտաբերում ենք զանազան պատմություններ երկար ժամանակ քնած մնացած կամ կենդանի թաղված մարդկանց մասին: Հեքիաթները, պատմությունները, որքան էլ երևակայական են եղել, այնուամենայնիվ, իրական տվայտանքների պատճառ են հանդիսացել: Պատկերացնելն անգամ սարսափելի է, որ քնած մարդուն կարող են մահացածի տեղ ընդունել ու թաղել: Իսկ որքանո՞վ է այս ամենը համապատասխանում իրականությանը, քնած գեղեցկուհու մասին պատմությունը հեքիա՞թ է, թե՞ կարող էր նաև իրական լինել: Սովորական մարդն իր կյանքի մեկ երրորդ մասը քնած է անցկացնում: Բայց պատմությանը հայտնի են դեպքեր, երբ մարդը քնած է անցկացրել իր կյանքի գերակշռող մասը: 
1954 թվականին 34-ամյա Նադեժդա Լեբերդինան ամուսնու հետ վիճելուց հետո շոկային վիճակում պառկում է քնելու և արթնանում է 20 տարի անց: Այդ տարիների ընթացքում մահանում է նրա ամուսինը, իսկ 5 տարեկան աղջիկը մեծանում է մանկատանը: Քնած դստերը խնամում է մայրը: 1974 թվականին Նադեժդայի մայրը մահանում է: Նրա թաղման ժամանակ Նադեժդայի արդեն 25 տարեկան աղջիկը մոր աչքերում արցունքներ է նկատում: Քսան տարի քնած Նադեժդան հարցնում է աղջկան՝ «Մայրս մահացե՞լ է»: Դրանք առաջին բառերն էին, որ նա արտաբերել է քսան տարի քնած մնալուց հետո: Հետագայում նա բացատրել է, որ քնած ժամանակ շրջապատում կատարվող ամեն ինչ լսել է, բայց չի կարողացել որևէ կերպ արձագանքել:

Լեթարգիական քուն կամ «Կեղծ Մահ». այսպես են անվանում այն երկարատև ու խորը քունը, որի ժամանակ մարդու կենսունակությունն ապահովող գործընթացներն այնքան են դանդաղում, որ նրան դժվար է տարբերել մահացածից: Նա պառկած է անշարժ, սրտի աշխատանքը չի լսվում, շնչառությունն այնքան դանդաղ է, որ գրեթե չի էլ զգացվում: Բայց մնացած օրգանները շարունակում են գործել, նույնիսկ ուղեղն է գործում: Որպես կանոն այս մարդիկ հիանալի զգում են, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, սակայն ի զորու չեն արձագանքել: Քնած մարդկանցից շատերը խոստովանել են, որ ամեն ինչ լսել ու հասկացել են, բայց չեն կարողացել ո՛չ շարժվել, ո՛չ էլ աչքերը բացել: Հին ժամանակներում լեթարգիական քունը համարվում էր չար ուժերի ու կախարդանքի արդյունք, սակայն ուսումնասիրությունները պարզել են, որ դա երկարատև ու շատ խորը քուն է մարդու օրգանիզմի պաշտպանական արձագանքը նյարդային ուժեղ սթրեսներին ու հյուծվածությանը: Երբ մարդու հոգեկան աշխարհը չի ցանկանում համակերպվել իրականության հետ, օրգանիզմի պաշտպանական մեխանիզմը նրան խորը քնի մեջ է գցում, որպեսզի նյարդային համակարգը և ուղեղը կարողանան հաղթահարել այդ ամենը: Լեթարգիական քնի պատճառ կարող է հանդիսանալ նաև գլխին ստացած ծանր հարվածը, մեծ քանակությամբ արյան կորուստը:

Լեթարգիական քունը կարող է տևել անգամ մի քանի տասնյակ տարի: Քնած ժամանակ, անկախ դրա տևողությունից, մարդն արտաքնապես չի փոխվում: Նրա մտավոր ու ֆիզիկական զարգացումը մնում է նույն մակարդակի վրա, ինչ քնելու պահին: Սակայն արթնանալուց հետո օրգանիզմում կտրուկ փոփոխություններ են կատարվում: Մեկ-երկու տասնյակ տարի քնած մարդն արթնանալուց հետո զարմացնում է շրջապատին իր թարմ ու պահպանված տեսքով: Բայց կարճ ժամանակ հետո սկսում է օրգանիզմի արագընթաց քայքայման և ծերացման գործընթացը: Մարդը ոչ միայն սկսում է համապատասխանել իր իրական տարիքին, այլև արագ ծերանում է: Շատերն արթնանալուց հետո շուտ մահանում են, սակայն դեպքեր են եղել, որ ապրել են 20-30 տարի: Ամեն ինչ կախված է այն բանից, թե որ տարիքում և առողջական ինչպիսի վիճակում են քնել:

Լեթարգիայի ծանր և բարդ դեպքերում իրոք մահվան տպավորություն է ստեղծվում: Մաշկը սառն է լինում, բիբերը գրեթե չեն արձագանքում լույսին, շնչառությունն ու սրտի զարկերը չեն լսվում, զարկերակային ճնշումը գրեթե բացակայում է, իսպառ բացակայում է նաև ցավի զգացումը: Մի քանի օրերի ընթացքում հիվանդը չի խմում, չի ուտում, աղիները չեն գործում: Օրգանիզմը ջրազրկվում է, քաշը՝ նվազում:

Լեթարգիայի թույլ դեպքերում նկատվում է անշարժություն, մկանային թուլացում, հավասար ու դանդաղ շնչառություն, պահպանվում է կուլ տալու ունակությունը: Մասնակիորեն կարող է պահպանվել նաև շրջապատի ընկալումը: Լեթարգիայի նոպաները միշտ էլ սկսվում են անսպասելի և նույնքան անսպասելի էլ ավարտվում են: Երբեմն նախանշաններ են լինում: Լեթարգիան կյանքի համար վտանգ չի ներկայացնում: Սակայն մարդկանց միշտ էլ վախեցրել է այն փաստը, որ շրջապատում կարող են լեթարգիական քունը շփոթել մահվան հետ և մարդուն կենդանի թաղել: Նման վախ է ունեցել նաև Ն.Վ. Գոգոլը: Նա սարսափում էր, որ իրեն կթաղեն, երբ ինքը պարզապես քնած կլինի: Այդ պատճառով էլ պատվիրել է, որ իրեն թաղեն միայն այն ժամանակ, երբ իր մարմինը կսկսի քայքայվել: Թե ինչպես է կատարվել նրա պատվիրանը, հայտնի չէ, սակայն 1931 թվականին, երբ Մոսկվայի Դանիլովյան մենաստանի գերեզմանը վերացնում էին, նրա արտաշիրիմումը կատարելիս հայտնաբերեցին, որ գրողի գանգը կողքի էր թեքված, իսկ դագաղի ներսում պաստառն ամբողջությամբ պատառոտված էր:

Իսկ հիմա ճապոնական մի լեգենդ՝ սարսափազդու կնոջ մասին...

«Կուտիսակե Օնան» հայտնի ճապոնական լեգենդ է գեղեցիկ կնոջ մասին, ով այլանդակվել և սպանվել էր իր խանդոտ ամուսնու կողմից, այնուհետև վերադարձել ողջերի աշխարհ:
Գոյություն ունի լեգենդի ժամանակակից տարբերակը: Դիմակավոր կինը կանգնեցնում է մի երեխայի և հարցնում.
- Ես գեղեցի՞կ եմ:
Եթե երեխան պատասխանում է՝ ոչ, ապա կինը երեխային սպանում է դանակով, իսկ եթե երեխան պատասխանում է՝ այո, կինը հանում է դիմակն ու ցուցադրում բերանի սարսափազդու կտրվածքը: Հարցնում է.
- Հիմա՞ էլ եմ գեղեցիկ:
Եթե երեխան պատասխանի՝ ոչ, ապա սպանում է, իսկ եթե պատասխանի՝ այո, ապա կինը դանակով ճղում է երեխայի դեմքն այնպես, ինչպես իրենն է: 

Ճապոնիայում շատ մարդիկ համոզված են, որ իրականում այդ կինը գոյություն ունի, իրենք հանդիպել են նրան: Սակայն միակ իրական փաստը գրանցվել է 1979 հունիսի 21-ին, երբ ձերբակալել են հոգեկան խանգարում ունեցող 28-ամյա մի կնոջ: Նա կտրել էր բերանն ամբողջությամբ՝ մի ականջից մյուսը և շրջում էր փողոցներում դանակը ձեռքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել