Tert.am-ը գրում է.

Առաջիկայում Հայաստանի և Եվրամիության միջև  վերսկսվելու են ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակի շուրջ տարվող բանակցությունները՝ նոր փաստաթղթի մշակման նպատակով: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

«Առաջիկայում կսահմանվի բանակցությունների շրջանակ, կորոշվի բանակցողների ստատուսը և գործընթացը կվերսկսվի: Այս պահին դեռևս աշխատանքային խորհրդակցություններ են ընթանում, բայց առաջիկայում՝ ավելի ակտիվ փուլով, ինտենսիվ կերպով, կսկսվեն նաև բանակցություններ նոր փաստաթղթի վերաբերյալ»,- նշեց Արտակ Զաքարյանը:

Սակայն, նոր փաստաթուղթը, ինչպես հայտարարել էր Եվրամիությունում նախագահող Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը, այն մեկ մակարդակով ցածր է Ասոցացման մասին համաձայնագրից:

Այս առնչությամբ հետաքրքրվեցինք՝ Հայաստանին բավարա՞ր է համագործակցության ավելի պակաս տարբերակը: Ի պատասխան Արտակ Զաքարյանը նշեց, որ նոր փաստաթուղթը կկառուցվի Ասոցացման համաձայնագրի փոփոխված տարբերակի հիմքում: «Ասոցացման համաձայնագրից դուրս կբերվեն այն խնդիրները, որոնք խանգարում են իրական համագործակցության հաստատման համար: Այս փուլը դեռ նոր է սկսվել, դեռ զարգացման, խորացման հնարավորություններ կան, որոնց ուղղությամբ պետք է իրականացվեն քայլեր»,- հավելեց պատգամավորը:

Ա. Զաքարյանը շեշտեց, որ նոր փաստաթուղթը հնարավորություն կտա լրացնել Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում առկա բացը:

Թե կոնկրետ ինչով է տարբերվելու նոր փաստաթուղթը Ասոցացման համաձայնագրից, Արտակ Զաքարյանը նշեց, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ է, ուստի տնտեսական հատվածը, առևտրային համագործակցությունը կախված են ԵՏՄ-ից: «Եվրամիությունը մեզ համար անփոխարինելի գործընկեր է և կարևոր է, որ մենք ունենանք թե՛ ոլորտային, թե՛ համընդհանուր բանակցված փաստաթղթեր, որոնք կապահովեն երկարաժամկետ համագործակցություն»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել