Ադրբեջանում ծածանվել են լիբանանյան «Հիզբալլահ» շիայական արմատական կազմակերպության դրոշները...
Ինչի՞ մասին կարող է վկայել այս իրողությունը, փորձենք դիտարկել դեռևս հիպոթետիկ հարթությունից: 
Նախ, մի շարք երկրներում ահաբեկչական ճանաչված «Հիզբալլահը» ռազմականացված կառույց է, և նրա գործունեության առանցքային նպատակներից մեկն իր գործողության արեալ հանդիսացող պետական միավորի սահմաններում տարբեր միջոցներով շիայական իսլամի դիրքերի ամրապնդումն է, ապա նաև՝ երկրի քաղաքական համակարգում ներգրավումն, ինչպես օրինակ՝ հենց Լիբանանում:
Բացի այդ, Իրանի հորդորով՝ արդեն տևական ժամանակ «Հիզբալլահը» Սիրիայում աջակցում է այդ երկրի իշխանություններին՝ Բաշար ալ Ասադի գլխավորությամբ՝ տարաբնույթ հակակառավարական խմբավորումների և «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ մղվող պայքարում: Ի դեպ, «Հիզբալլահի» որոշ բջիջներ ԻՊ-ի դեմ հանդես են գալիս նաև Իրաքում:
Հետևաբար, կարելի է ենթադրել, որ Իրանի հովանավորյալ «Հիզբալլահի» բջիջների հնարավոր ակտիվացումը մեծամասամբ շիայադավան բնակչություն ունեցող Ադրբեջանում առնվազն 2 թիրախ կարող է ունենալ՝ նախ ադրբեջանական իշխանությունները, որոնց դեմ այդ երկրի ընդդիմադիր դաշտում առկա վակուումի պայմաններում կառույցը հանդես կգա առավել արմատական ընդդիմադիր դիրքերից, մյուս կողմից՝ «Հիզբալլահի» սիմվոլիկայի շրջանառումը, հնարավոր է, իրագործվում է որպես հակակշիռ, գուցե նաև կանխարգելիչ գործոն՝ Ադրբեջանում «Իսլամական պետության»՝ արդեն իսկ ուրվագծվող հավակնությունների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել