Tert.am-ը գրում է.

Կոտայքի մարզի Ընդհանուր իրավասության դատարանը որևէ կապ չունի դերասան Վարդան Պետրոսյանի պատժի կրումը ազատ ռեժիմով սահմանելու հարցում։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը։

Նա ընդգծեց, որ սույն հարցը կարգավորվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքով։

«Լրատվամիջոցները մեկը մյուսի հետևից սխալ էին գրել, թե ռեժիմի փոփոխության մասին որոշումը կայացվել է դատարանի կողմից։ Հավանաբար դատարանը միայն իր վերջին կնիքն է դրել գործերում, այն մասին, որ գործն ավարտված է, և պատժի կրումը մտնում է օրինական ուժի մեջ»,- ասաց նա։

Ռուբեն Բալոյանն ասաց Վարդան Պետրոսյանը տեղափոխվել է  անզգուշության հետևանքով հանցագործություն կատարած անձանց քրեակատարողական հիմնարկ։

Դիտարկմանը, թե դերասանը առաջարկություն է ստացել թատրոններից մեկից, արդյոք իրավունք ունի աշխատելու, Ռուբեն Բալոյանը հաստատեց, որ բաց ռեժիմը աշխատելու հնարավորություն դատապարտյալին տալիս է։

Ռուբեն Բալոյանն ընդգծեց նաև, որ ինքը Վարդան Պետրոսյանի մեղքը ապացուցված է համարում, և կարծում է, որ ինքը՝ Վարդանը, ևս ընդունել է, ինչն ապացուցում է այն հանգամանքը, որ մեղադրվող կողմը այդպես էլ վճիռը չի բողոքարկել ո՛չ Վերաքննիչ դատարանում, ո՛չ Վճռաբեկ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել