Արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինված ուժերը տարբեր տրամաչափի զենքերով բառիս բուն իմաստով գնդակոծում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի մի շարք բնակավայրեր, որի հետևանքով զոհվում և վիրավորվում են ՀՀ քաղաքացիներ:
Հայաստանը՝ որպես անկախ և ինքնիշխան պետություն, հանդիսանում է Հավաքական անվտանգության մասին Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ, Կազմակերպություն) հիմնադիր անդամ (տես` http://www.mfa.am/hy/international-organisations/CSTO/ 
Նշված պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն` մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգության, կայունության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սպառնալիքի ի հայտ գալու կամ միջազգային խաղաղության և անվտանգության սպառնալիքի դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցության մեխանիզմն իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար՝ սպառնալիքի վտանգի վերացման նպատակով:
Իսկ նույն պայմանագրի 4-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակման), ապա դա անդամ պետությունների կողմից կհամարվի որպես ագրեսիա (անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում) սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ:
Տվյալ դեպքում, երբ նշված կազմակերպության հիմնադիր անդամ հանդիսացող պետության ինքնիշխան տարածքը տառացիորեն մի քանի օր շարունակ գնդակոծվում է, որին զոհ են գնում խաղաղ անձինք, հարց է առաջանում, թե էլ ե՞րբ կամ որպիսի՞ իրավիճակում պետք է կիրառվեն վերը նշված նորմերը, եթե ոչ այժմ:
Ի՞նչ է սա, եթե ոչ Ադրբեջանի կողմից մեր անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը սպառնացող զինված հարձակում:
Այնպիսի տպավորություն է, որ այս նորմերը կգործեն միայն ու միայն այն դեպքում, երբ Հայաստանի վրա կհարձակվեն Սվազիլենդի կամ Մոզամբիկի զորքերը…
Իսկ եթե լուրջ, մեր երկիրը կանգնած է լրջագույն մարտահրավերի առջև, և անվտանգության այն համակարգը, որի մեջ ընդգրկված է մեր երկիրը, պարտավոր է կատարել վերը նշված պայմանագրի պահանջները, ավելին` Հայաստանը, որպես նշված կազմակերպության հիմնադիր անդամ, իրավունք ունի իր գործընկերներից ակնկալելու համահունչ արձագանք…
Շատերին թվում է, թե եթե մեր տներում ու փողոցներում լույս կա, ուրեմն սահմանում պատերազմ չկա…
Մենք պարտավոր ենք գիտակցել, պարոնա՛յք, որ մեր երկիրը որևէ պատերազմում պարտվելու իրավունք չունի…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել