Tert.am-ը գրում է.

Եվրամիությունը Հայաստանի ու Բելառուսի հետ համագործակցության համաձայնագրերի նոր տարբերակ է պատրաստում:

«ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ` համապատասխան հայտարարությամբ է հանդես եկել Լյուքսեմբուրգի արտգործնախարար Ժան Ասելբորնը ԵՄ-ի անդամ երկրների ԱԳՆ-ների ղեկավարների հանդիպումից հետո: Այդ հանդիպմանը քննարկվում էին Արևելյան գործընկերության երկրների ու Ռուսաստանի հետ հարաբերությունները: Լյուքսեմբուրգն այժմ նախագահում է ԵՄ-ում:

Ըստ աղբյուրի` նոր տիպի համաձայնագիրը Հայաստանն էլ ավելի քիչ կկապի ԵՄ-ի հետ, քան Ասոցացման համաձայնագիրը, որից Հայաստանը հրաժարվել էր 2 տարի առաջ:

«Մենք փնտրում ենք մի համակարգ, որի դեպքում բոլոր կամուրջները չէ, որ կփլուզվեն: Մենք հասկանում ենք, որ ասոցացման համաձայնագիրը անհնարին է, բոլորը պատրաստ են ավելի հեշտ տարբերակ գտնել, նվազ համառ ու ֆունդամենտալ: Այդ երկու երկրների (Հայաստանի ու Բելառուսի) առնչությամբ բոլորը համաձայն են: Դա կլինի մի մակարդակ ավելի ցածր ինչ-որ բան, չեմ կարող ասել` դա ինչպես է կոչվում», - մանրամասնել է լյուքսեմբուրգցի պաշտոնյան:

Նա, սակայն, տեղեկացրել է, որ նոր համաձայնագրով «մաքսային արտոնություններ չեն լինելու»: Նախագիծը, ըստ պաշտոնյայի, մշակման փուլում է:

Առանձին երկրների կտրվածքով Ասելբորնը ասել է, որ ԵՄ-ն առաջարկություն է արել Հայաստանին, ինչը դրական է ընդունվել: Բելառուսում` հակառակը: «Պետք չէ մտածել ռեժիմի մասին, պետք է մտածել բնակչության մասին», - Բելառուսի առնչությամբ ասել է Ասելբորնը իր հայտարարության մեջ:

Արևելյան գործընկերության ծրագրում ներառված երկրներից` Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, միայն վերջին երեքն են ստորագրել Ասոցացման ու ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը ԵՄ-ի հետ 2014-ի հունիսին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել