Արդեն տևական ժամանակ է, ինչ ՀՀ-ն Մինսկի խմբի համանախագահների, միջազգային այլ կառույցների մոտ բարձրաձայնում է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերի, դրանց աճի, ինտենսիվության, բնույթի փոփոխման մասին: Այսօր մի փուլում ենք, երբ հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը ո՛չ քանակով, ո՛չ ինտենսիվությամբ, ո՛չ կիրառվող զինատեսակներով չեն զիջում ԼՂՀ-ադրբեջանական սահմանային միջադեպերին: ՀՀ կողմը հակառակորդի ոտնձգություններին արդեն ավելի շուտ անհամաչափ հզոր պատասխաններ է տալիս: Միաժամանակ, լինելով ԵԱՀԿ անդամ-երկիր, հայկական կողմը ԼՂ գծով միջնորդներին է ներկայացնում ադրբեջանական ռմբահարումների փաստական ապացույցները: Վերջիններս, ինչպես սովորաբար, իրենց «մտահոգությունն են հայտնում» կամ փաստում, որ «իրավիճակը վտանգավոր լարված է»:

Իհարկե մենք «շնորհակալ» ենք, որ մեզ «լուսավորում» են իրավիճակի լարվածության մասին, սակայն այսօր մի շատ կարևոր հարց է օրակարգային դառնում. ի՞նչ կարգավիճակ ունի Մինսկի խումբը, ի՞նչ գործառույթներ պետք է իրականացնի այն և ո՞ւմ համար: «Մինսկի խումբ» կոչվածը ԵԱՀԿ շրջանակներում ԼՂ խնդրի կարգավորման մարմին է, որտեղ բանակցող կողմեր են ՀՀ-ն և Ադրբեջանը: Հիմա իրավիճակն այնպիսին է, որ Ադրբեջանն արդեն տևական ժամանակ լարվածություն է ստեղծում (ռմբակոծում) ոչ միայն ԼՂՀ-ի, այլ նաև ՀՀ-ի սահմանների որոշ հատվածներում: Սա ինչպես քաղաքական, միջազգային-իրավական, այնպես էլ ռազմական տեսանկյունից նոր իրավիճակ է ստեղծում ռեգիոնում, ԼՂ բանակցային գործընթացի և մասնավորապես ՀՀ շուրջ:

Նոր պայմաններում մի կողմից օրակարգային է դառնում ՀՀ ռազմական անվտանգության ապահովման հիմնահարցը, մյուս կողմից՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետագա կարգավիճակն ու անելիքներն առհասարակ: Եթե այն, իսկ այսօր առկա իրավիճակն այդ մասին է փաստում, անկարողունակ է որևէ կերպ ազդեցություն գործել Ադրբեջանի վրա, ապա ո՞րն է նրա առաքելությունը: Միգուցե այն իրեն սպառե՞լ է... Ես տևական ժամանակ կողմ եմ եղել խնդրի խաղաղ կարգավորմանը, որտեղ միջնորդներն իրենց դերակատարումը կունենան, քանի որ գիտեմ՝ պատերազմի հետևանքերն ինչպիսին կարող են լինել: Սակայն այսօր իրավիճակը կարծես փոփոխվել է: Դրանում իրենց՝ անգործությունից բխող «մեղավորությունն» ունեն նաև միջնորդները: Ադրբեջանում իշխող թիմն, ամենայն հավանականությամբ, ամեն բան կանի, որ իրենց մոտ առկա խնդիրներից հանրային ուշադրությունը շեղի, ինչպես նաև քաղաքական իշխանության լատենտ հավակնություններ ունեցողների «հարցերը լուծի»՝ օգտագործելով «ղարաբաղյան» գործոնը: Սա գիտակցում ենք մենք, ԵԱՀԿ-ն, Մոսկվան, Վաշինգտոնը, Փարիզը....

Եթե ԵԱՀԿ-ն՝ որպես կառույց, չի ցանկանում իրեն վերջնականապես սպառել, ապա նրա՝ Մինսկի խմբի «հզոր» համանախագահները պետք է զսպեն հարևանի ոչ ադեկվատության նոպաները: ԵԱՀԿ-ն և Մինսկի խումբը պետք է վերարժևորեն իրենց, իրենց դերակատարումն առհասարակ և ԼՂ խնդրի կարգավորման հարցում մասնավորապես....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել