Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը կոչ է անում սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ ներկայացնել առարկայական առաջարկներ, որպեսզի գտնվեն երկրի առջև ծառացած մարտահրավերների լուծման բանալիները:

«Առաջիկայում սպասվում է քննարկում սահմանադրական փոփոխությունների մասին և մենք այս առնչությամբ հանրությունից պետք է ստանանք ազդակներ, ուստի ճիշտ կլինի, որ հանրությանը ճիշտ ներկայացվեն սահմանադրական փոփոխությունները»,– այսօր ԱԺ–ում սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց Արծվիկ Մինասյանը:

Պատգամավորը նշեց, որ առանձին ելույթներում 25 տարվա խնդիրները պարզապես ներկայացվում են այնպես, թե դրանք Սահմանադրության հետ կապ չունեն, մարդու հետ կապ ունեն: «Այդ ելույթներում ավելորդ անգամ շեշտադրվում են բաներ, որոնք չկան միջազգային փորձում: Դա ճիշտ չէ, և պետք չէ խեղաթյուրել ամեն ինչ»,- հավելեց նա։

ՀՅԴ պատգամավորի խոսքով՝ այս նախագծով հիմք է դրվում Սահմանադրության մեկնաբանման ինստիտուտին, որը մինչ այս չի եղել: Նա նշեց, որ նաև ներմուծվում է սահմանադրական օրենքի ինստիտուտը, որն իրենից էական կարգավորումների համակարգ է ներկայացնում: Արծվիկ Մինասյանը շեշտեց, որ կարևոր են հասարակական կազմակերպությունների կողմից արվող առաջարկները:

«Եթե մենք շատ ավելի մասնագիտական քննարկումներ ծավալենք, ապա նրանք, ովքեր առարկայորեն դեմ են այս նախագծին, անպայման կողմ կլինեն այս փոփոխություններին: Կոչ եմ անում՝ միասին կարողանանք այս փոփոխությունները արժևորել, բարեփոխման առաջարկներ ներկայացնել ու հարգանքով վերաբերվել պետական ինստիտուտներին»,- եզրափակեց դաշնակցական պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել