«Նպատակն արդարացնում է միջոցները» Նիկոլո Մաքիավելիի՝ թևավոր խոսք դարձած հայտնի արտահայտությունը, կարծես, իրենց գործելաոճին համապատասխան կարգախոս են ընտրել թուրքական իշխանությունները: Սիրիական ճգնաժամի դեռևս նախնական փուլում շրջանառելով Արաբական Հանրապետության հյուսիսում՝ Թուրքիային սահմանակից Հալեպի նահանգում, անվտանգության գոտի ստեղծելու անհրաժեշտությունը՝ որպես նման քայլի հիմնավորումներից մեկն, Անկարան ներկայացնում էր նաև սիրիացի փախստականների հնարավոր արտահոսքը երկրից զսպելու ամենաարդյունավետ միջոց: Մինչդեռ, ինչպես հայտնի է, նման գոտի ստեղծելու հարցում արևմտյան գործընկերերի համաձայնությունը ստանալ թուրքական կողմին ցայժմ ոչ մի կերպ չի հաջողվում: Թեմայի շուրջ տարբեր հարթակներում և ձևաչափերում արդեն շուրջ 3 տարի շարունակվող բանակցությունները, սակարկությունները մինչ այս որևէ շոշափելի արդյունք չեն ապահովել թուրքական իշխանությունների համար:
Այս համատեքստում պաշտոնական Անկարան հատկապես վերջին մեկ ամսվա ընթացքում որդեգրել է նոր մարտավարություն՝ Սիրիայից եկող փախստականների սպառնալիքի վեկտորն ուղղելով դեպի Եվրոպա: 
Հանուն ռազմավարական նպատակների՝ առանձին գործընթացների վրա «աչք փակելու» կամ անուղղակիորեն ուղղորդելու թուրքական իշխանությունների մարտավարությունը բազմիցս կիրառվել է նույն սիրիական ճգնաժամի շրջանակներում, երբ Անկարան տարիներ շարունակ «ձեռքերը ծալած» ընդամենը հետևում էր իր տարածքից Սիրիա և հակառակ ուղղությամբ մարդկային, ռազմատեխնիկական հոսքերին, որևէ կերպ չէր խոչընդոտում հատուկ նշանակության ապրանքաշրջանառությանն ու առևտրային կապերին. ներկայում նման աննախադեպ իրավիճակ է Թուրքիայից դեպի Եվրոպա թե՛ ցամաքային, թե՛ ծովային ճանապարհներով փախստականների հոսքերի հետ կապված, ինչն, իհարկե, միամտություն կլինի պայմանավորել բացառապես Սիրիայում ռազմական իրավիճակի սրացումներով:
Տվյալ փուլում, արդեն Ռ.Թ. Էրդողանի գլխավորությամբ թուրքական իշխանությունները, կարծես, որոշել են դեպի Եվրոպա սիրիացի միգրանտների հարաճուն հոսքի միջոցով առնվազն նախազգուշացնել արևմտյան գործընկերներին նաև Եվրոպային սպառնացող հնարավոր միգրացիոն ճգնաժամի մասին և կրկին սակարկությունների թեմա դարձնել փախստականների արտահոսքը կանխելուն միտված, ըստ թուրքական իշխանությունների, ամենաարդյունավետ եղանակը՝ Սիրիայի տարածքում անվտագության գոտի ստեղծելու տարբերակը: 
Իսկ այդ նպատակի կենսագործման համար անհրաժեշտ, սեփական իրավական հիմնավորումներն ապահովելու գործում Թուրքիայի խորհրդարանը սեպտեմբերի 3-ի երեկոյան հերթական անգամ 1 տարի ժամկետով երկարաձգեց Իրաքի և Սիրիայի տարածքում անդրսահմանային գործողություններ իրականացնելու երկրի զինված ուժերի մանդատը:
Այսպիսով, նաև Թուրքիայի ներսում առկա ճգնաժամային իրավիճակի ֆոնին բավական լուրջ զարգացումներ են սպասվում Արևմուտք-Թուրքիա բանակցային հարթությունում, որոնք, անխոս, նաև որոշակիորեն ի ցույց կդնեն Թուրքիայի իրական հնարավորությունները և դիրքերը «գործընկերների» հետ հարաբերությունների համատեքստում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել