Ինչպես հայտնի է՝ այս մի քանի օրերի ընթացքում հայ-ադրբեջանական շփման գծում դրությունը լարված է: Սահմանի երկայնքով կրակոցներ են հնչում, թշնամին գործի է դրել տարբեր տրամաչափի զենքեր, այսօր անգամ սահմանի շփման գծում օդ է բարձրացել անօդաչու օդանավ և պտույտներ կատարել սահմանով մեկ: Անխոս, դրությունը լրջանում է, Ադրբեջանը խախտում է զինադադարի պայմանները և խախտում է ոչ թե ինքնավար ԼՂՀ-ում, որ ինչ-որ մի պահ ՀՀ նախագահը մտածի իր անելիքի շուրջ, այլ անկախ ՀՀ-ի սահմանում, որից բխում է, որ բոլոր իրավական և մարդկային օրենքներով Հայաստանի գերագույն հրամանատարը պարտավոր է պաշտպանել իր երկրի շահերը՝ թեկուզ և երկրում արտակարգ դրություն հայտարարելով: Չի կարելի սահմանափակվել պատասխան կրակով, պետք է ոտքի հանել պահեստային ուժերը, պետք է մեկընդմիշտ վերջ տալ երկու տասնամյանկից ավել չդադարող կրակոցներին: Գովելի է նաև այն փաստը, որ այսօր «Շանթ 2015» պլանային ռազմավարական զորավարժությունների շրջանակներում փողոց է դուրս գալու զինված ավտոշարասույն, բայց տեղին կլիներ՝ այդ ավտոշարասույնն ուղևորվեր սահման: 
Հասկանալի է նաև այն փաստը, թե ինչու է հակառակորդը կրակ արձակում գյուղերի ուղությամբ, չէ՞ որ ադրբեջանական զինված ուժերը չի կարողանում հաղթել ՀՀ ԶՈՒ-ին և իր չարությունը թափում է Տավուշի խաղաղ բնակչության վրա: Մինչ մենք Երևանում, մեր տներում նստած, վայելում ենք չակերտավոր անհոգ կյանքը, սահմանի բնակիչներն իրենց անկոտրուն կամքով պահպանում են մեր սահմանը: Տավուշցիներն այսօր դարձել են կենդանի պատ, որը պահպանում է մեր պետության սահմանը: 
Հասկանալով դրության լրջությունը, որպես ՀՀ քաղաքացի՝ խնդրանք և պահանջ ունեմ հրամանատարական կազմին. «Մի՛ թաքցրեք իրավիճակը և ամեն բան իր անունով կոչե՛ք, եթե պատերազմ է սկսվում, ապա բարձրաձայնեք, և սահմանին կհայտնվեն հազարավոր զինվորներ»: 
Վերևն՝ Աստված, վարը՝ Հայոց բանակ:

Ռեգինա Ամատունի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել