Tert.am-ը գրում է.

«Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները աննախադեպ է իր մասշտաբայնությամբ, քանի որ ընդգրկում է ողջ հանրապետության բոլոր պետական գերատեսչությունները։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ ընդգծելով, որ զորավարժությունները պլանավորված են եղել 2014 թ-ի նոյեմբերին  ու հաստատված ՀՀ նախագահի կողմից։

«Առաջին փուլում ընդգրկվել է պետական կառավարման բոլոր մարմինները, որոնք ունեն զորահավաքային պատրաստակամության խնդիրներ։ Այսօր գումարվել է կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ նախագահը, լսել է այն միջոցառումները, որոնք իրականացրել են նախարարությունները՝ հանրապետությունը բարձր մարտական պատրաստվածության մակարդակի բերելու ժամանակ»,- ասաց Մովսես Հակոբյանը։

Անդրադառնալով զորավարժությունների նպատակին, Մովսես Հակոբյանն ասաց, որ առաջին հերթին ստուգում են պետության պատրաստականությունը մարտական գործողությունների կամ պատերազմի վերսկսման պարագայում, ղեկավարման  համակարգի ունակությունները։

«Նպատակն է նաև ստուգել պետության տնտեսական հնարավորությունը ռազմական դրության բերելու ժամանակ, գերատեսչությունների կենսունակությունը, ստուգել պետության պահուստները ռազմական դրության ժամանակ և պետության հնարավորությունները։ Պետք է նշեմ, որ նախարարությունները զարմանալի լավ էին պատրաստվել ու պատճառն այն է, որ մոտ երեք ամիս է նախապատրաստվում էինք այս զորավարժություններին։ Մեր նպատակներից մեկն էլ հենց գերատեսչություններին մարզելն է»,- ասաց նա։

Մովսես Հակոբյանն ընդգծեց, որ նախարարություններին բարդ խնդիրներ են առաջադրում, որովհետև հնարավոր է, որ ռազմական դրության ժամանակ լինեն բարդ իրավիճակներ, օրինակ, ռազմական դաշնակիցը չկատարի իր պարտավորությունը։ Այս իրավիճակը ևս խաղարկվում է զորավարժությունների շրջանակում։

«Զորավարժություններից հետո կազմվելու է թերությունների վերացման պլան և լինելու են մի շարք որոշումներ»,- ասաց նա։

Հարցին, թե հայ ինչպես է գնահատում նմանատիպ իրավիճակներում հայ ժողովրդի մոբիլիզացվելու ունակությունը, գեներալը պատասխանեց. «Մեր ազգը բացառիկ է ու այն կարգավիճակում, որ այսօր մեր երկիրն ու բնակչությունն են՝ շրջափակման ու պատերազմի մեջ, ու այս իրավիճակում պետությունը գոյատևում է, նշանակում է՝ մեր ազգը յուրահատուկ է»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել