Tert.am-ը գրում է.

Չնայած ԱԺ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը  մերժել էր սահմանական բարեփոխումների թեմայով քննարկումներին մասնակցելու ՀՀ Նախագահի հրավերը, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ներկայացուցիչները, այնուամենայնիվ, այսօր մասնակցում են ԱԺ–ում սահմանադրական բարեփոխումների նախագծի քննարկմանը։

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, անդրադառնալով Սահմանադրության նոր նախագծին, ասաց, որ դրանով վարչապետի թեկնածուին առաջադրում է Ազգային ժողովի նախագահը, ապա ավելացրեց, որ անհասկանալի է, թե ինչու Վենետիկի հանձնաժողովը չի անդրադարձել այս հանգամանքին:

«Վենետիկի հանձնաժողովը գրել է, որ այն դեպքում, երբ վարչապետը հրաժարական է տվել, հանրապետության Նախագահը պետք է քննարկի մեծամասնության հետ հարցն ու առաջադրի թեկնածու: Հիմա կա՛մ խաբեբա եք, ներկայացրել եք այլ թարգմանություն, կա՛մ Վենետիկում փաստաթղթերը կարդալ չգիտեն: Բացատրե՛ք այս առեղծվածը»,- հայտարարեց Լևոն Զուրաբյանը:

Ի պատասխան նիստը վարող ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը ողջունեց, որ ՀԱԿ–ը,այնուամենայնիվ, փոփոխություն է մտցրել իր քաղաքական դիրքորոշման մեջ և մասնակցում է լսումներին։

«Նախ շնորհակալություն, որ դուք, այնուամենայնիվ, փոփոխություն եք մտցրել ձեր քաղաքական դիրքորոշման մեջ և մասնակցում եք մեր լսումներին, նույնիսկ հարցադրումներ եք հնչեցնում։ Մենք ողջունում ենք ձեր այդ քայլը»,– ասաց նա և ձայնը տրամադրեց մասնագիտական հանձնաժողովին։

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը նախ հակադարձեց Լևոն Զուրաբյանի հնչեցրած պիտակներին՝ հորդորելով դրանք չկիրառել։

«Հանցավոր, խաբեբա, դրանք կարող են ձեզ վերագրվել, ձեր խմբակցությանը», – ասաց Վարդան Պողոսյանը և ավելացրեց, – Եթե բարի լինեիք նայեիք պաշտոնական կայքը կտեսնեիք թարգմանությունը, որը ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին: Սևով սպիտակի վրա թարգմանված է այն, ինչը կա նախագծում: Եթե իրենց հարցեր ունեք, ուղղեք իրենց: Տեխնիկական սխալները պատահում են բոլորի մոտ»:

Վարդան Պողոսյանը նաև նշեց, որ վարչապետի թեկնածուն չի առաջադրում հանրապետության նախագահը: «Նախագահը նշանակում է վարչապետին ցանկացած պարագայում՝ ԱԺ ընտրություններից հետո, և մենք չենք շեղվել պառլամենտական որևէ երկրի կանոններից: Մենք նախատեսել ենք, որ ԱԺ նախագահը խորհրդակցություն է անցկացնում խմբակցությունների մեջ, ապա առաջադրում թեկնածուին»,– ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել