Ղազախստանը Ռուսաստանի և Չինաստանի առանցքային առևտրային գործընկներն է և ռուբլու ու յուանի թուլացմանը պատասխանեց հետևողական դևալվացիայով: Սույն թվականի օգոստոսի 20-ին իշխանությունները հայտարարեցին տենգեի լողացող փոխարժեքի անցնելու որոշման մասին, ինչի ֆոնին ազգային արժույթի փոխարժեքը տապալվեց 26 տոկոսով: Ղազախստանի կառավարության լողացող փոխարժեքի անցնելու որոշումն անխուսափելի քայլ էր երկրում ու տարածաշրջանում ստեղծված տնտեսական իրավիճակում:

Դևալվացիան դարձավ նավթի գների անկման արդյունքում ի հայտ եկած փոփոխությունների հետևանք, իսկ նավթը՝ մետաղների հետ, հանդիսանում է երկրի կողմից արտահանվող գլխավոր ապրանքը: Միևնույն ժամանակ դևալվացիայի հիմնական ազդակ հանդիսացավ յուանի արժեզրկումն ու ռուբլու շարունակական թուլացումը: Ղազախստանի ազգային արժույթի թուլացման հավանական հետևանքների մասին դատողություններ անելով՝ կարելի է պնդել մի շարք հնարավոր բացասական հետևանքների հնարավորության մասին: Սակայն պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ դիտարկվող իրավիճակում առանցքային նշանակություն ունի երկրի իշխանությունների արագ արձագանքը երկրի ու համաշխարհային տնտեսությունում ծավալվող իրադարձություններին, որոնցից կախված է լինելու ժողովրդի բարեկեցությունը:

Հարկ է նշել, որ տենգեի անկման նախօրեին Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն առաջարկեց հենվել նավթի գների երկարատև անկման հեռանկարի վրա՝ մինչև 30-40 դոլար բարելի դիմաց: Այստեղ կարելի է նկատել ղազախստանյան իշխանությունների տարբերությունը ռուսական իշխանություններից. օրերս ՌԴ փոխվարչապետ Դվորկովչը կանխատեսեց, որ նավթի գները լինելու են 50-70 դոլարի սահմաններում: Իհարկե, նավթի գնի հեռանկարների մասին կարելի է դատողություններ անել, բայց վատագույն սցենարին նախապատրաստվելը խոսում  է Ղազախստանի ավելի պատասխանատու դիրքորոշման ու տնտեսական ցնցումներին դիմագրավելու պատրաստականության մասին:

Դևալվացիան կարող է բարձրացնել Ղազախստանի ներդրումային գրավչությունն արտասահմանյան ներդրողների համար: Թույլ տենգեն, պատժամիջոցների բացակայությունն ու ԵԱՏՄ-ին անդամակցությունը կարող են դարձնել Ղազախստանը հարթակ՝ օտարերկրյա գործարարների համար Ռուսաստանի կողքին, որտեղ կզարգանան ձեռնարկություններ, որոնք սահմանափակված են Ռուսաստանում իրենց գործունեությունում պատժամիջոցների պատճառով:

Տենգեի արժեզրկումից ամենաշատը կշահի պետբյուջեն: Դա կապված է նրա հետ, որ կառավարության պարտավորություններն արտահայտվում են ազգային արժույթով, մնիչդեռ բյուջեի եկամուտների մեծ մասը դոլարների տեսքով է ստացվում: Հետևաբար՝ որքան ավելի էժան լինի տենգեն, այնքան ավելի շատ փող կմտնի բյուջե: Տնտեսագետների հաշվարկով՝ տենգեի այնպիսի արժեզրկումը, ինչպիսին եղավ օգոստոսի 20-ին, բավական է Ղազախստանի բալանսավորված պետբյուջեի համար:

Մյուս կողմից, պետբյուջեում դեֆիցիտի բացակայությունը թույլ կտա պետությանը հարյուր տոկոսով իրականացնել իր պատավորությունները բյուջետային աշխատողների նկատմամբ: Փոխարժեքի թուլացումը ձեռնտու է նաև արտահանողներին նույն այն պատճառով, ինչ պետբյուջեին: Ղազախստանի հումքային տնտեսությունում արտահանումից գոյացած շահույթի ավելացման առումով առաջին հերթին կշահեն նավթագազային ընկերությունները, ուստի կարևոր է դառնում, թե կոնկրետ ինչին կուղղեն նրանք այդ գերշահույթը: Հարկ է նշել, որ Ղազախստանի արտահանողների ավելի քան երկու-երրորդը նավթ և գազ արդյունահանողներ են, իսկ դրանց հետևում են մետալուրգիական ու արդյունաբերության այլ ոլորտների ներկայացուցիչները:

Բացի դրանից, տենգեի դևալվացիայի արդյունքում ղազախստանցի տնտեսվարողների մոտ, որոնք մրցակցում են արտասահմանյանների հետ, հնարավորություն կառաջանա գրավել սպառողներին իրենց կողմը, որովհետև թանկ արտարժույթի գործոնը կբերի նրան, որ ղազախստանցիների մի մասը ստիպված կլինի հրաժարվել ներկրվող ապրանքատեսակներից: Բնակչության անցումը տեղական արտադրանքի դրական է ընկերությունների համար ոչ միայն շահույթի ավելացման տեսանկյունից, այլ նաև այն առումով, որ պահանջարկի աճը կբերի նրան, որ տեղական արտադրանք արտադրող ընկերությունները կպահպանեն աշխատատեղերն ու կվճարեն հարկերը: Այպիսով, ներկրման փոխարինումը տեղական արտադրանքով ևս կաջակցի Ղազախստանի տնտեսությանը:

Դոլարի և եվրոյի փոխարժեքի ավելացման արդյունքում ավելի կէժանանա նաև հանգիստը Ղազախստանի ներսում: Բանն այն է, որ արտասահմանյան ուղևորությունների, ավիատոմսերի ու հյուրանոցների գներն արտահայտված են արտասահմանյան արժույթներով, ու արդեն իսկ նկատելի է, թե ինչպես է թանկացել արտասահմանում հանգստի արժեքը: Համաձայն միջինասիական տարածաշրջանի փորձագետների՝ Ղազաստանի տնտեսությունում շոկային միջոցների կիրառումը հղի է սոցիալական լարվածության աճով, սակայն հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակն ու հանգամանքները՝ կարելի է պնդել, որ երկրի իշխանություններն ընդունել են անխուսափելի, բայց միևնույն ժամանակ միակ ճիշտ որոշումը, որը թելադրված է շուկայով ու համաշխարհային տնտեսական ճգնաժամով:

Այդար Ժեպտիսբաև

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել