Tert.am-ը գրում է.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կողմ է խորհրդարանական կառավարման մոդելին, բայց մտահոգություններ ունի՝ այս մոդելի կիրառման հետ կապված ներկա պահին, երբ սահմանին իրավիճակը լարված է:

ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի կողմից սահմանադրական բարեփոխումների մասին ընթացող խորհրդարանական լսումների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց՝ հանվելո՞ւ են արդյոք Սահմանադրական նորմերը՝ 2-րդ փուլի և կայուն մեծամասնություն մասին:

Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրում ունի խորհրդարանական կառավարման մոդելին անցում կատարելու մասին թեզ, ապա հարցրեց. «Հենց հիմա մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում սահմանին: Որքնո՞վ է նպատակահարմար այս փուլում, այս իրավիճակում, երբ պատերազմական դրություն է, թեև կրկնում եմ այս մոդելին կողմնակից կուսակցություն ենք, փոխել կառավարման մոդելը»:

Ի պատասխան Վարդան Պողոսյանը նշեց, որ ԲՀԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասել են, որ եթե խորհրդարանում մեծամասնություն չի ձևավորում ո՛չ առաջին փուլում, ո՛չ քաղաքական կոալիցիայի միջոցով, ապա Ընտրական օրենսգիրքը կարող է նախատեսել երկրորդ փուլ: «Նման պայմանավորվածություն է ձեռք բերել Վենետիկի հանձնաժողովի հետ, և դուք սահմանադրության փոփոխված տեքստ չեք տեսնի այնքան ժամանակ, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել»,- ասաց Պողոսյանը:

Ինչ վերաբերում է սահմանային իրավիճակին, ապա Վարդան Պողոսյանը շեշտեց. «Մենք ունենք մի իրավիճակ, որը թույլ չի տալիս, որ երկիրը միասնական դիմագրավի արտաքին ազդակներին: Նախագահը ունի պարտավորություններ, բայց չունի լիազորություններ այդ պարտավորությունները կատարելու համար: Խորհրդարանական համակարգը թույլ չի տալու, որ պարտականությունը և լիազորությունները տարբեր տեղերում գտնվեն, և այն թույլ է տալու միասնական դիմագրավել արտաքին ազդակներին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել