Tert.am-ը գրում է.

Թունավոր ծառը բարի պտուղ չի կարող տալ. այս խոսքերով սկսեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մամուլի ասուլիսը՝ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին:

«Այս փոփոխությունները, որքան էլ ոմանք ողջունեն, նպատակ ունեն ծխածածկույթի ներքո, խորհրդարանական կառավարման համակարգ անվան տակ, ոչ միայն մի հոգու իշխանությունը երկարաձգել, այլ բառի բուն իմաստով կերտել կուսակցապետություն, և «Ժառանգությունը» դեմ է դրան»,- հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը ցույց է տալիս, որ մեր հասարակությանը ստրկացնեն ոչ թե մի մարդու, այլ մի կուսակցության, իսկ դա, ըստ նրա, անընդունելի է: «Մեր պետական որակի մեջ այս նոր փաստաթղթի ընդունումը որևէ դրական բան չի բերելու: Կարևորն այն է, որ գեղեցիկ գրված այդ դրույթների պատճառով չշեղվենք բուն նպատակից, որը կուսակցապետության ստեղծումն է»,- ասաց «Ժառանգության» առաջնորդը:

«Ժառանգությունը» կարծում է, որ լայն քաղաքական կոնսոլիդացիա պետք է  լինի, և հարկ է հասկանալ, որ նժարի վրա դրված է Հայաստանի քաղաքացու իրավունքն ու արժանապատվությունը, նաև երկրի ինքնիշխանությունը:

«Մենք կարծում ենք, որ այդ կոնսոլիդացիայի գործընթացի արդյունքում մենք պետք է ունենանք ժամանակավոր իշխանություն, որը կկարողանա այս 20 տարվա ընթացքում առաջին անգամ ապահովել արդար ու թափանցիկ ընտրություններ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել