Պատմության ուսումնասիրության քաղաքակրթական տեսության հեղինակ Ա. Թոյնբին պնդում է, որ պետությունների պատմությունը զարգանում է մարտահրավեր-պատասխան տրամաբանությամբ:

Թոյնբին կարծում է, որ միջնադարյան անգլոսաքսոնական բռնատիրական միապետությունը Եվրոպայի արևմուտքում, իսկ ռուսական դեսպոտիզմն արևելքում, վիկինգների արշավանքները կանխարգելելու համար ստեղծվեցին: Վիկինգները մարտահրավերն էին, ռազմական ուժի հիման վրա ստեղծված պետականությունները` պատասխանը:

Նույնը ֆրանկների պարագայում: Մարտահրավերը Եվրոպա ներխուժած արաբներն էին, պատասխանը` կարոլինգների ստեղծած ռազմական տերությունը:

Ըստ Թոյնբիի՝ նույն տրամաբանությամբ Կենտրոնական Եվրոպայում առանց բնակլիմայական ու սոցիալ-մշակութային նախադրյալների ի հայտ եկավ ավստրիական միապետությունը` ռազմական ուժի պաշտամունքը հասցնելով պետական կրոնի մակարդակի: Հաբսբուրգյան ասպետները մարտահրավերի` Եվրոպա նեխուժած օսմանյան հորդաների պատասխանն էին: Ի դեպ, զարմանալի զուգադիպությամբ ավստրիական միապետությունը` պատասխանը, պատմության թատերաբեմը լքեց մարտահրավերի` Օսմանյան Կայսրության հետ նույն թվականին` 1918-ին:

Եթե Թոյնբիի տեսությունը կիրառենք մեր տարածաշրջանում պատմության ընթացքի վրա, ապա ստացվում է, որ մարտահրավերը թուրքական տարրն է, պատասխանը` ուժեղ հայկական պետականությունը, առանցքում՝ բանակը: Ներկա պահին մարտահրավերն Ադրբեջանն է, ու առնվազն միամիտ են այն մարդիկ, ովքեր կարծում են, որ հայն ու թուրքը կողք կողքի կարող են հանգիստ ապրել:

Վերջին 1000 տարվա պատմությունն ապացուցում է, որ հայն ու թուրքը համակեցության կանոններ չեն կարող գտնել, որովհետև տարբեր քաղաքակրթական մոդելների ու տարբեր աշխարհընկալում ունեցեղ ժողովուրդներ են: Այստեղից բխում է. կամ մենք, կամ իրենք: Այստեղից բխում է նաև. մարտահրավերի պատասխանն իրեն պատասխանի պես պետք է պահի...

Հ.Գ. Ֆրանսիայի ու Գերմանիայի օրինակը պետք չէ բերել: Այս ժողովուրդները նույն աշխարհընկալումն ունեցող, քաղաքակրթական նույն մոդելի ժողովուրդներ են...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել