Tert.am-ը գրում է.

Այս պահի դրությամբ իրավիճակը սահմանին վերահսկվում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերին ու հայկական դիրքերին վերջին օրերին ինտենսիվ դարձած կրակոցներին:

«Վերջին երկու օրերի առանձնահատկությունը նրանում է, որ գնդակոծում են Հայաստանի սահմանամերձ բնակավայրերը, հատկապես Տավուշի մարզի գյուղերը։ Անկասկած, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները ամեն ինչ անում են կանխելու այդ անմարդկային երևույթները, որովհետև գնդակոծվում են խաղաղ բնակավայրերը»,-հավաստիացրեց նախարարը։

Նա, այդուհանդերձ, հավելեց. «Ցավոք սրտի, այսօրվա մեր սահմանային կոնֆիգուրացիան այնպես էր ստեղծված, որ որոշ տեղերում, որտեղ հակառակորդն ունի դիրքային առավելություններ, օգտվում է դրանից ` գնդակոծելով դիրքերից»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «տեղյակ չեմ, չէ» բառակապակցությամբ պատասխանեց լրագրողների հարցին, թե ճի՞շտ է, որ Տավուշի մարզի սահմանամերձ շրջաններից երեխաներն ու կանայք տարհանվել են:

Նշենք, որ լրատվամիջոցներում բազմաթիվ տեղեկություններ կան, որ սեպտեմբերի 2-ի տոնական և 1-ի նախատոնական օրերին հակառակորդը ինտենսիվորեն խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, հայկական դիրքերի ուղղությամբ սկսել է կիրառել նաևխոշոր տրամաչափի զինատեսակներ:

Ըստ Սեյրան Օհանյանի՝ բանակային կորպուսի հրամանատարությունը արել է ամեն ինչ՝ հակառակորդին զսպելու համար, և այս պահի դրությամբ իրավիճակը հանդարտ է:

Նախարարի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, ճշտում են՝ ինչ կորուստներ են ունեցել բնակիչները, որպեսզի համապատասխան աջակցություն ցուցաբերեն:

Նախարարի տեղեկացմամբ՝ քաղաքացիների շրջանում երկու թեթև վիրավոր կա։

Հիշեցնենք, որ այսօր զոհվել էր պայմանագրային զինծառայող, նախարարը մանրամասնեց, որ դա եղել է հյուսիս-արևելյան հատվածում և երեկոյան գնդակոծության հետ կապ չունի:

Հարցին, թե մտահոգությունները փոխանցվե՞լ են միջազգային հանրությանը, Սեյրան Օհանյանը պատասխանեց՝ ասելով, թե կարծում է, որ մեր դիվանագետներն այդ հարցով զբաղվում են:

Պաշտպանության նախարարը տեղեկացրեց նաև, որ ժամը 18.00-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ մեկնարկել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ՝ դաշտահրամանատարային զորավարժությունների առիթով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել