Tert.am-ը գրում է.

Երեկ հայ-ադրբեջանական սահմանին հնչած կրակոցների հետևանքով զոհվել է պայմանագրային զինծառայող Հայկ Կառլենի Թևոյանը (ծնվել է 1975թ-ին)։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«Երեկ երեկոյան հակառակորդը կրկին սկսել է ակտիվ կրակոցներ հատկապես Տավուշի հատվածում սահմանի ողջ երկայնքով։ Կրակոցները շարունակվել են մինչև ուշ գիշեր, կրակել են տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից՝ մեծ տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահարներ, 60 և 80 տրամաչափի ականանետեր։ Ականանետների արկերը բավականին մեծ քանակ են կազմում։ Երկու քաղաքացիականներ են վիրավորվել»,-ասաց նա։

Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ գյուղերում կան որոշակի վնասներ, սակայն իրավիճակը վերահսկելի է, հակառակորդի կրակը լռեցվել է։

«Նախորդ երկու օրվա լարվածության ընթացքում հակառակորդը կորուստներ է ունեցել, ինչի մասին նաև գրում են ադրբեջանական կայքերը»,-ասաց նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել