Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր, Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի ափսոսում սահմանադրական բարեփոխումների նախագիծը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ քննարկելու համար: Ավելին, Լյուդմիլա Սարգսյանն իր քայլի համար չի պատրաստվում վայր դնել մանդատը:

«Չկա որևէ ուժ, որը կարող է ինձ պարտադրել մանդատս վայր դնել: Դա նույնն է, որ ես էլ պահանջեմ, որ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ խմբակցության պատգամավորներ- Tert.am) մանդատը վայր դնեն, որովհետև  նրանք էլ, կարծես թե, իրենց բոլոր մղումներում ազնիվ չեն»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Լյուդմիլա Սարգսյանը՝ չբացելով փակագծերը:

Հիշեցնենք, որ Լյուդմիլա Սարգսյանի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ քննադատության մեծ ալիք էր բարձրացրել համացանցում, ինչի արդյունքում տեսակետներ են հնչում, որ խմբակցության պատգամավորը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը, քանզի «Հայ ազգային կոնգրեսը» Սերժ Սարգսյանի հետ չհանդիպելու և սահմանադրական բարեփոխումների դեմ  «Ոչ»-ի ճակատ ստեղծելու որոշումներ է կայացրել:

Այս առնչությամբ Լյուդմիլա Սարգսյանն ասաց, որ անկարևոր է համարում ֆեյսբուքում հնչեցրած մեղադրանքները:

«Երբ մարդն ինչ-որ մեկի մասին խոսում է, ավելի շատ իր մասին է պատմում, քան նրա մասին, ում մասին խոսում է: Եթե այդքան կամազուրկ մարդ լինեի ընդունակ չէի լինի այս տարիների ընթացքում ինքնուրույն քայլեր ու որոշումներ կայացնել: Այնպես որ նման փորձություններով չէ որ անցել եմ, սրան էլ կդիմանամ, հանգիստ կտանեմ: Իմ կատարած քայլերի համար երբեք չեմ փոշմանում, որովհետև շատ լուրջ հաշվարկում եմ դրանք նախաձեռնելուց առաջ: Իսկ այդ արձագանքներն էլ ինձ համար անակնկալ չէին, քանի որ գիտեմ ՀԱԿ-ի աշխատաոճը, և, բնականաբար, ինձ համար անսպասելի չէր, առավել ևս, այն ֆեյսբուքյան զոմբիների խմբի կողմից, որոնք մշտապես դրվում են գործողության մեջ»,- նշեց ՎՍԴՀԿ պատգամավորը:

Նրա խոսքով՝ «Ոչ»-ի շարժումը չի կարող խանգարել սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի անցկացմանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել