Tert.am-ը գրում է.

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վերջապես վերադարձել է Փարիզի բեմ՝ չորս տարվա բացակայությունից հետո: 91-ամյա շանսոնյեն սեպտեմբերի 15-27-ը վեց համերգ կունենա Palais des Sports-ում՝ դահլիճ, որտեղ նա դեռ երբեք չի երգել, գրում է purepeople.com-ը։

Շանսոնյեն հանդես կգա 30 երգից բաղկացած ծրագրով՝ կկատարի ինչպես իր վերջին «Encores» ալբոմից երգեր, այնպես էլ իր երգացանկի հայտնի մեղեդիները։

Ազնավուրը խոստովանել է, որ արդեն տասն անգամ փոխել է ծրագիրը: «Որո՞վ սկսել, հետո՞ որը երգել, ինչպե՞ս ավարտել: Այս բոլոր հարցերը կարևոր են: Ես արհեստավոր եմ, ով միշտ փորձում է կատարելագործվել: Ես կերգեմ 30 երգ, կլինի սովորականից 8 երգով ավելի»,- ասել է Ազնավուրը՝ հավելելով, որ ինքն ազատ մարդ է, ով երգում է այն, ինչ ցանկանում է։

Կայքը գրում է, որ անցած գարնանն Ազնավուրը Paris Match-ին պատմել է իր կնոջ՝ Ուլլա Տորսելի հետ կապված մի միջադեպ։ «Կինս ինձ ասաց՝ քո տարիքում դու պետք է դադարես երգել: Բայց ես բուլիմիկ եմ: Եվ եթե ես դադարեմ բեմ բարձրանալ՝ ես կմեռնեմ: Դուք կարծում եք՝ ես ուզո՞ւմ եմ մեռնել»,- ասել է նա։

«Երբ մարդիկ երգեն իմ երգերից գեթ մեկը, երբ ես այլևս չլինեմ՝ ահա, թե ինչն ինձ կուրախացնի»,- հավելել է շանսոնյեն։

Իրականում Ազնավուրին դուր է գալիս, երբ լրատվամիջոցները նրան հարցնում են իր տարիքից և երկարակեցությունից, գրում է կայքը: Նրան մեկ այլ բան է նյարդայնացնում, ինչի մասին նա վերջերս խոսել է լրատվամիջոցներից մեկի հետ։

«Անգլիական մամուլն ինձ նվիրել է լավագույն հոդվածը, որ արվեստագետը կարող էր ստանալ. ինձ պատվել են որպես հեղինակի: Մինչդեռ Ֆրանսիայում ինձ միևնույն շարքում չեն դասում նրանց հետ, որոնցով ես հիանում եմ՝ Բրել, Բրասեն… Թերթերում ես միշտ փոքր հայն եմ՝ ներգաղթյալների զավակ: Խոսում են իմ հանդերձանքի, իմ ձայնի մասին: Ինչ վերաբերում է իմ տարիքին, ինձ չի հետաքրքրում դա. ես անկոտրելի եմ»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել