Այսօր ՀՀ-ում մեկնարկել են «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները: Դրանք տևելու են մինչև սեպտեմբերի 6-ը:

Զորավարժությունների հիմնական նպատակն է պատերազմական վիճակում գտնվող երկրում, ինչպիսին ՀՀ-ն է, արտաքին ագրեսիայի ցանկացած դրսևորման կամ հնարավոր ռազմական գործողությունների վերսկսման սցենարի պարագայում որոշակիացնել և գնահատել ՀՀ պետական կառավարման և ռազմական անվտանգության ապահովման գերատեսչությունների գործողությունների ներդաշնակությունը, փոխգործակցության մակարդակը և արդյունավետությունը:

Սա վերաբերում է արտակարգ և ռազմական պայմաններում, ինչպես կառավարման կազմակերպման, ռազմական անվտանգության կոնկրետ գործողությունների իրականացմանը, այնպես էլ տեղեկատվական տիրույթում պետության անվտանգության ապահովման ու սպառնալիքների չեզոքացմանն ուղղված գործողությունների իրականացմանը:

Արդեն մի քանի օր է՝ հասարակական ամենատարբեր շրջանակներում լուրեր են պտտվում, թե պատերազմը կարծես վերսկսում է, ու մեզ մոտ մոբիլիզացիոն վիճակ է: Նախ նշենք, որ պատերազմը վերսկսելու համար այն առնվազն պետք է ավարտված լիներ: Իսկ 1994թ.-ից ի վեր մենք ունենք սահմանային շփման կետերում պարբերական սրացումներ, ունենք դիվերսոն ակտիվություն, ունենք երկկողմանի զոհեր: Երկրորդը՝ ռազմական հակամարտության պայմաններում ապրող պետության համար նմանօրինակ զորավարժությունների անցկացումը պետության անվտանգության ապահովման կարևորագույն տեստ է, այն պարագայում, երբ հարևան երկիրը պարբերաբար խոսում է ռազմական հակամարտության վերսկսման մասին: Երրորդը՝ մեր հասարակությունը և քաղաքացին, ում հաճախ թվում է, թե թշնամին հեռու է, և իրեն որևէ իրատեսական վտանգ չի սպառնում (իհարկե երբեմն մոռանալով սահմանամերձ գյուղերի գնդակոծությունների մասին), այսօրինակ զորավարժությունների արդյունքում առավել ռեալ է սկսում նայել իր երկրի շուրջ ձևավորված իրողություններին և իր դերակատարմանն այդ ամենի մեջ:

Կարծում եմ՝ նման զորավարժությունների կարիքն ու անհրաժեշտությունը եղել է միշտ, քանզի միայն ընդհանուր մոբիլիզացման պարագայում է հնարավոր մտացածին վատագույն սցենարի դեմ պայքարի արդյունքում ռեալ գնահատել սեփական հնարավորությունները և պատրաստվել իրական խնդիրներին դիմակայելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել