Սոցցանցերը, մասնավորապես «Ֆեյսբուքի» հայախոս հատվածն ամեն օր մի ինչ-որ դեպքից կամ լուրից «պայթում» է: Երեկվա «պայթուցիկը» Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ, վերջին տարիներին տարբեր աղմկահարույց պատմությունների առնչությամբ հանրությանը հայտնի դարձած Զարզանդ Նիկողոսյանին Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն նշանակելու մասին տեղեկությունն էր:
Առաջին հայացքից դա համացանցալրահոսային հերթական հորինվածք թվաց՝ այնքան անհեթեթ էր թվում տեղեկությունն ինքնին: Բայց շատ արագ պարզվեց, որ ողջ անհեթեթությամբ հանդերձ, տեղեկությունը ոչ միայն հավաստի է, այլև միանգամայն ստույգ. նշանակել են: 
 Լավ, հասկանալի է, որ Սյունիքի մարզում որոշ պաշտոնյաներ գործում են «բակլան իմն է, խաշած եմ ցանում» մտայնությամբ, բայց աղմկահարույց պատմությունների մեջ ընկած թիկնապահին աշխատանքի տեղավորել դպրոցո՞ւմ: Այն էլ, ոչ ավել, ոչ պակաս, որպես փոխտնօրե՞ն: Դեռ լավ է՝ մարզպետարանի կրթության վարչության պետ չեն նշանակել: 
Վրդովված (զարմանալու կամ զարմանքից շփոթահար լինելու ռեսուրս այլևս չկա) հանրությունը, ի դեմս առանձին ներկայացուցիչների ու լրատվամիջոցների, անմիջապես դիմեց կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, եթե հակիրճ՝ «այս ի՞նչ է կատարվում, ի՞նչ եք անում, որ չկատարվի» ու այդ կարգի հարցերով: Իրավիճակի նրբերանգներից մեկն էլ այն էր, որ Կապանի թիվ 6 դպրոցը կրթության և գիտության նախարարության ենթակայության ներքո չի գտնվում: 
 Ամեն դեպքում, պատասխանը չուշացավ: Հանրության նորանոր շերտեր դեռ չէին հասցրել համալրել վրդովված «ֆեյսբուքահայության» շարքերը, երբ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը սոցցանցի իր էջում հետևյալ հայտարարությունը զետեղեց. «Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը: Շնորհակալություն լրատվական միջոցներին՝ օպերատիվ աշխատանքի համար»:
Դե ինչ, թվում է, հերթական սկանդալային պատմությունը արագ հանգուցալուծվեց: Սյունիքի մարզպետի թիկնապահին դպրոցի փոխտնօրեն նշանակելու որոշումը չեղյալ է հայտարարվել: Կարելի է ուրախանալ: Մինչև մի նոր նշանակում: Միգուցե մինչև մի նոր աղմկահարույց պատմություն, որն ամենևին էլ պարտադիր չէ, որ Սյունիքի մարզի, մարզպետի կամ նրա թիկնապահի հետ կապված լինի: 
Սակայն վերադառնանք դպրոց: 
Սեպտեմբերի 1-ն անցավ, սկսվեց ուսումնական հերթական՝ 2015-16 տարին: Եվ ի՞նչ ունենք մենք: Ավելի ճիշտ, ի՞նչ խնդիր ունենք մենք, որը շարունակում է մտահոգել: 
Բանն այն է, որ սեպտեմբերի 1-ի խիստ տոնական հոգեվիճակը շատ ու շատ ծնողների պարագայում միանգամայն արագ փոխարինվում է դպրոցից ու առհասարակ կրթական համակարգից ունեցած շարունակական դժգոհություններով: 
Դժգոհություններ, որոնք միգուցե ոչ մի ծնողական ժողովում չեն բարձրաձայնվում, բայց դրանից նրանք չեն դադարում գոյություն ունենալ: 
Առանցքային հարցն այն չէ միայն, որ ինչպես երեկ համարյա տեղի էր ունենում, միանգամայն պատահական, մանկավարժության հետ կապ չունեցող մարդիկ հանկարծ կարող են այս կամ այն կրթօջախում առանցքային պաշտոնի նշանակվել: 
Դե, այս անգամ Սյունիքի մարզպետի թիկնապահն էր, միանգամից հասարակության աչքը ծակեց: Իսկ եթե պարզապես «որևէ մեկը» լիներ, ասենք, Զ.Նիկողոսյանի չափ ուշադրություն չգրավող այլ անձնավորությո՞ւն: Բնականաբար հանգիստ փոխտնօրինություն էր անելու: 
Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ հանրապետության դպրոցների տնօրեններն ու փոխտնօրեններն անխտիր իրենց տեղերում են: Այսինքն, հենց այն մարդիկ են, որոնք պետք են՝ գրագետ, ուսյալ, մարդկային ու անհատական ցանկալի հատկանիշներով օժտված սերնդի դաստիարակության գործը կազմակերպելու և առաջադրված կրթական խնդիրներն իրագործելու համար: Հատկապես այն դպրոցներում, որոնք ԿԳ նախարարության ենթակայության տակ չեն:
Չգիտեմ, երեկվա «միջադեպն» ինձ թույլ է տալիս խստորեն կասկածել, որ «տեղերում» դպրոցների մի մասը միգուցե տեղական նկատելի պաշտոնյաների ԾԲ-ների զբաղվածությունն ապահովելու համա՞ր է: Եվ ի՞նչ պետք է ակնկալել նման դպրոցներից: Որ գրագետ և ուսյալ սերո՞ւնդ դաստիարակեն: 
Թեպետ, եթե ավելի խորը ու անկեղծ, ապա նույնիսկ այդ՝ «խնամի-ծանոթ-բարեկամ»-ական տարբերակով դպրոցներում զանազան անձանց գործի տեղավորելը չէ այսօրվա մեր կրթական համակարգի, ինչպես ասում ենք՝ դպրոցի խնդիրը: 
Ամենամեծ խնդիրը կեղծիքն է: Ինքնախաբեությունը: Եվ, եթե այս բառերը ձեզ շատ կոշտ են թվում, ապա այսպես ասենք՝ «ձև բռնելը»: 
Ուսուցիչներից շատ-շատերը «ձև են բռնում», թե երեխաներին սովորեցնում են: Ծնողները «ձև են բռնում», թե դպրոցում զբաղված են իրենց զավակների կրթության և դաստիարակության խնդիրներով: Երեխաները «ձև են բռնում», թե սովորում են: Այսինքն՝ չէ, երեխաները սովորում են, սակայն շատերը ոչ դպրոցում և ոչ այն, ինչ պետք էր, որ սովորեին: Նրանք մեծերից սովորում են ամենավատ բանը՝ «ձև բռնելը»: 
Մենք բոլորս ձևացնում ենք, թե ոչ մի «ֆոնդի փող» էլ չի հավաքվում: Իսկապես, ո՞վ հավես ունի մի քանի հարյուր կամ անգամ հազար դրամի համար իր երեխային դարձնի այս կամ այն դպրոցի ուսուցչական կոլեկտիվի թիրախը՝ վատ իմաստով: Այդ տեսանկյունից ծնողներից շատերն ուղղակի պատանդի կարգավիճակում են: Բողոքե՞ն՝ վատամարդ կհռչակվեն, երեխան խնդիրներ կունենա: Ու անմռունչ կրում են իրենց խաչը: Չէ՞ որ ոչ մի ծնող իր երեխայի վատը չի ուզում:
Հետաքրքիրն այն է, որ անխտիր բոլորը գիտեն, որ վիճակն այդպիսին է, բայց հատկապես ոլորտային պատասխանատուները ձևացնում են, թե հենց նոր, առաջին անգամ լսեցին այդ, օրինակ, զանազան դրամահավաքների մասին:
Համատարած այդ ինքնախաբեության հանրագումարն առավել ցայտուն երևում է հատկապես «ավագ դպրոց» կոչվածի ժամանակ, այսինքն՝ բարձր դասարաններում: Երևում է, որ իրականում երեխաների մեծ մասն անորակ կրթություն է ստացել, այլապես աշակերտներն ստիպված չէին լինի բացակայել դասերից՝ մասնավոր, անհատական պարապմունքների համար: Ասում են, անգամ այնպիսի իրավիճակներ են լինում, երբ դասարանի կեսը բացակայել է դասից՝ վճարովի անհատական պարապմունքների հաճախելու պատճառով: 
Մեր հանրակրթական համակարգը, մեր դպրոցը բազմաթիվ ու բազմապիսի խնդիրներ ունի. կրթական, կազմակերպչական, մեթոդական: Բայց առանցքայինն այս ինքնախաբեությունն է: Առանց դրանից հրաժարվելու թերևս հնարավոր չլինի լուծել մնացած բոլոր կարևոր խնդիրները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել