Եղիշե Չարենց (Եղիշե Աբգարի Սողոմոնյան, 1897, մարտ 13 (նոր տոմարով՝ մարտ 25), 1937, նոյեմբերի 27).
Եղիշե Չարենցը հայ գրականության նորագույն շրջանի սկզբնավորողն է. ընդարձակել է գեղարվեստական մտածողության հայեցադաշտը, կանխորոշել գրականության հետագա զարգացման ուղիները, թարմացրել լեզուն, տաղաչափությունը, հարստացրել գրական ժանրերը:

Եղիշե Չարենցը (իսկական ազգանունը՝ Սողոմոնյան) ծնվել է Մակուից (քաղաք` Իրանում) Կարս գաղթած գորգավաճառ Աբգար աղայի ընտանիքում: 1908–12 թթ.-ին սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալական ուսումնարաններում, 1916–17 թթ.-ին՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում, 1922 թ.-ին, որպես ազատ ունկնդիր, ընդունվել է Վալերի Բրյուսովի հիմնադրած գեղարվեստական գրականության բարձրագույն ինստիտուտը, բայց չի ավարտել: 
Հեղափոխությամբ ոգևորված Չարենցը 1918–19 թթ.-ին Ռուսաստանում մասնակցել է քաղաքացիական կռիվներին, 1920 թ.-ին` Հայաստանում՝ Մայիսյան, 1921 թ.-ին՝ Փետրվարյան ապստամբություններին: 1920 թ.-ին աշխատել է Հայաստանի լուսժողկոմատում՝ որպես արվեստի բաժնի վարիչ: 1922 թ.-ին Գևորգ Աբովի և Ազատ Վշտունու մասնակցությամբ «Երեքի դեկլարացիան» հրապարակելուց հետո սկսվել է Չարենցի բուռն գրական-կազմակերպչական գործունեությունը:
1924–25 թթ.-ին եղել է Թուրքիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում: 1925 թ.-ի կեսերից ղեկավարել է «Նոյեմբեր» գրական խմբակցությունը: 1926–1928թթ.-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի և «Նորք» հանդեսի խմբագրություններում, 1928–35թթ.-ին՝ Հայպետհրատում:
1935թ.-ի փետրվարից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ. 1937թ.-ի հուլիսին բռնադատվել է, նոյեմբերի 27-ին մահացել Երևանի բանտի հիվանդանոցում: Արդարացվել է հետմահու:
Չարենցի առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912 թ.-ին՝ Թիֆլիսի «Պատանի» ալմանախում: 1914 թ.-ին Կարսում լույս է տեսել նրա առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան», իսկ 1915 թ.-ին Թիֆլիսում՝ «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: 1915 թ.-ին զինվորագրվելով հայկական կամավորական խմբին` հասել է Վանի մատույցները, ականատես եղել պատերազմի դաշտում և Վանում՝ «Մեռած քաղաքում», տեղի ունեցող ողբերգությանը: Տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ գրել է «Դանթեական առասպել» (1916 թ.) պոեմը: Դանթեական մղձավանջով անցած բանաստեղծը «Վահագն» (1916 թ.), «Ազգային երազ» (1917 թ.), «Հատված» (1918 թ.) պոեմներում ընդվզում է նրանց դեմ, ովքեր իրականի փոխարեն տեսնում են առասպելական Հայաստանը և տարվում առասպելական հերոսներով:
1918–21 թթ.-ին Չարենցը գրել է «Սոմա» (1918 թ.), «Ամբոխները խելագարված» (1919 թ.), «Նաիրի երկրից» (1920 թ.) պոեմները և այլ գործեր: «Ամբոխները խելագարված» պոեմը կյանքի վերափոխման համար պայքարի կոչ է, որի նպատակը հին աշխարհի կործանումն է: Բանաստեղծն ստեղծել է խորհրդանիշներ՝ պայքարող ժողովուրդ, հինը մարմնավորող քաղաք, հավերժական արև, որոնք պոեմը վերածել են ինքնատիպ դյուցազներգության: 
Հայրենիքի կործանման ահավոր տագնապը սրտում՝ 1920 թ.-ին Չարենցը գրել է «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը, որը շարունակական դարձած ազգային ողբերգությունների խտացումն է: Երկրի ճակատագրով այրվող բանաստեղծը ճգնաժամային այդ պահին պատրաստ է դառնալու իր հայրենիքի վերջին զոհը.

Թող ո՜չ մի զոհ չպահանջվի ինձնից բացի,
Ուրիշ ոտքեր կախաղանին թող մոտ չգան,
Եվ թող տեսնեն իմ աչքերի մեջ կախվածի,
Իմ բո՜րբ երկիր, լուսապսակ քո ապագան...

Սիրո թեման Չարենցի ստեղծագործության մեջ զարգանում է յուրօրինակ ձևով. բանաստեղծությունների առաջին շարքերին («Հրո երկիր», 1913–16 թթ., «Լիրիկական բալլադներ», 1915–17 թթ., «Ծիածան», 1917 թ., «Ողջակիզվող կրակ», 1918–20 թթ., և այլն), որոնց բնորոշ են անցած սիրո հիշողությունն ու սրբազան կարոտը, հաջորդել են 1920–21 թթ-ին գրած «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհին», «Տաղարան», «Ութնյակներ արևին» շարքերը. միանգամայն այլ տրամադրություններով` մեկում երգի դիցուհին սառն ու նրբակիրթ գեղեցկուհին է, մյուսում՝ ազատ սիրո հմայքներով փողոցի աղջիկը, երրորդում՝ արևելյան «գոզալը»: «Տաղարանում» Չարենցի ուղեկիցն ուշ միջնադարի մեծանուն բանաստեղծ Սայաթ-Նովան է: Շարքի վերջին՝ «Ես իմ անուշ Հայաստանի...» տաղը Հայաստան-յարին ուղղված հայրենահիացումի սքանչելի ձոն է.

Իմ կարոտած սրտի համար ո՜չ մի 
ուրիշ հեքիաթ չկա.
Նարեկացու, Քուչակի պես 
լուսապսակ ճակատ չկա.
Աշխա՛րհ անցիր՝ Արարատի նման 
ճերմակ գագաթ չկա.
Ինչպես անհաս փառքի ճամփա՝ 
ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում:

1922–24 թթ-ին, ժամանակի պահանջով, Չարենցն ստեղծել է քարոզչական գրականություն՝ «Ամենապոեմ», «Ռոմանս անսեր», «Մաճկալ Սաքոյի պատմությունը» պոեմները, «Կապկազ» թամաշա» թատերագրությունը, «Կոմալմանախ» ժողովածուն, գրել է նաև «Երկիր Նայիրի» (1921–24թթ.) վեպը, «Ասպետական» ռապսոդիան (1922թ.), «Պոեզոզուռնա» (1922թ.) ժողովածուն, «Չարենց-նամե» (1922թ.) պոեմը:
«Երկիր Նայիրի» վեպում Կարս քաղաքի պատմության համապատկերի վրա հեղինակը ներկայացրել է Առաջին աշխարհամարտի (1914–18 թթ.) տարիներին Հայաստանի պատմաքաղաքական կացությունը, ազատ, անկախ ու միացյալ հայրենիքի երազանքը, դրան հաջորդած ամոթալի ու ծանր պարտությունները: Վեպն արտաքուստ երգիծական է, սակայն ներքուստ ծայրաստիճան ողբերգական ստեղծագործություն է: 
Համախմբելով «Նոյեմբեր» խմբակցության գրական ուժերը՝ Չարենցը փորձել է գրականությունը փրկել ապազգային քարոզչությունից: Ծայր է առել տևական գրապայքար նրա և պրոլետգրողների միջև. Չարենցի ու համախոհների դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: Այս պայքարի բովում ծնված «Լիրիքական անտրակտ» (1927–32թթ.) շարքը, «Խմբապետ Շավարշը» (1929թ.) պոեմը, «Էպիքական լուսաբաց» (1930թ.) և «Գիրք ճանապարհի» (1933–34թթ.) ժողովածուները դարձել են ժամանակի գլխավոր և ուղենշային գրքերը: Մինչ այդ նա տպագրել էր նաև «Երևանի ուղղիչ տնից» (1927թ.) հուշ-ակնարկը:
«Գիրք ճանապարհի» ժողովածուն Չարենցի ապրած կյանքի հանրագումարն է. «Պատմության քառուղիներով», «Դեպի լյառը Մասիս», «Մահվան տեսիլ», «Նորք» պոեմները փիլիսոփայական խորհրդածություններ են հայ ժողովրդի պատմական ճակատագրի շուրջ: 
1935–37 թթ. Չարենցի ստեղծագործության ամենաբարդ շրջանն է, որը բնութագրվում է անձնական ու քաղաքական կյանքի և իրականության ճիշտ ու վավերական արտացոլումով («Կոմիտասի հիշատակին», «Նավզիկե», «Իմ լերան աղոթքը», «Մի ամայի վայրում...» պոեմները, «Հերոսի հարսանիքը» չափածո թատերագրությունը, «Դոֆին նայիրյան» սոնետների շարքը և այլն):
Չարենցը թարգմանել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի, Հայնրիխ Հայնեի, Վիկտոր Հյուգոյի, Ուոլտ Ուիտմենի, Էմիլ Վերհառնի, Ռայներ Մարիա Ռիլկեի, Ալեքսանդր Պուշկինի, Նիկոլայ Նեկրասովի, Միխայիլ Լերմոնտովի, Մաքսիմ Գորկու, Վլադիմիր Մայակովսկու, Սերգեյ Եսենինի և ուրիշների գործերից, հանրակրթական դպրոցների համար կազմել է դասագրքեր, խմբագրել ու հրատարակել է հայ բանահյուսության նմուշներ, հայ դասական և ժամանակակից գրողների գրքեր:
Հայ թատրոնում բեմադրել են Չարենցի «Կապկազ» թամաշա» պիեսը, «Դեպի ապագան» (ըստ Չարենցի գործերի), «Երևանի ուղղիչ տնից» հուշ-ակնարկը, «Երկիր Նայիրի» վեպը (հեռուստաներկայացում), «Խմբապետ Շավարշը» (ռադիոբեմադրություն): Չարենցի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում, նրա մի շարք բանաստեղծությունների հիման վրա գրել են երգեր:
Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: ՀՀ հազարանոց թղթադրամի վրա պատկերված է Չարենցի դիմանկարը, Երևանում գործում է նրա տուն-թանգարանը: 
Չարենցի անունով կոչվել են փողոցներ, դպրոցներ, գրադարաններ Երևանում, ՀՀ, ԼՂՀ և Ջավախքի քաղաքներում, Չարենցավան քաղաքը, Երևանի գրականության և արվեստի թանգարանը: Երևանում կառուցվել է նրա հուշահամալիրը (1985թ., քանդակագործ՝ Նիկողայոս Նիկողոսյան), նրա անվան դպրոցի առջև տեղադրված է բանաստեղծի կիսանդրին:

Ե՜ս եմ հիմա – մի պոետ. 
և իմ անունը – Չարենց –
Պիտի վառվի դարերում, 
պիտի լինի բա՛րձր ու մեծ:
Ես եկել եմ դարերից 
ու գնում եմ հաղթական
Դեպի դարերը նորից՝ 
դեպի վառվող ապագան:

«Անկումների սարսափից» բանաստեղծությունից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել