Հերիք է հանրության մեջ արհեստածին տագնապ սերմանեք, հերիք է ամեն մի ադրբեջանական գնդակի հետևում ռուսական զենք կամ Պուտինի պատկերը տեսնեք։ Միայն Ռուսաստա՞նն է ձեր աչքի փուշը։ Բա Բաքվի «խավիար» սիրողնե՞րը Եվրոպայում կամ Ամերիկայում։ Պայքարեք, բոյկոտեք նաև նրանց դեմ։ Գոռում եք հայրենասիրության մասին, փնովում թե՛ մեր իշխանավորին, թե՛ «կաֆեներում» նստած «պապաների բալաներին», բայց ոչնչով իրենցից չեք տարբերվում։ Փոխանակ զորավիգ լինեք, փոխանակ չեզոքացնեք մեր հանրության, մեր սահմաններին կանգնած զինվորի, նրա ծնողների, սահմանամերձ գյուղերի բնակչության հակառակորդի հոգեբանական ներգործությունը` ձեր բիրտ ու անհեռատես, նույնիսկ դավաճանական պահվածքով, քայլերով, գրառումներով իրենց եք ծառայեցվում և դյուրացնում նրանց գործը։ Ինչի՞ համար։ Կարող եք ատել ՀՀԿ-ն, Սարգսյանին, ցանկացած մեկին, բայց հարգեք այն մարդկանց, ում շնորհիվ հանգիստ քնած եք, ում շնորհիվ գրում եք այս «վեհ մտքերը»։ Եվ պետք չէ թմբկահարել, թե պատրաստ եք գնալ հենց հիմա սահման։ Ուզո՞ւմ եք` գնացեք ծառայեք, տարեկետում վերցրեք ու 2 տարի ծառայեք, իսկ եթե ծառայել ենք` գնացեք հենց մյուս օրը զինկոմիսարիատներ ու հարցրեք, թե ինչով կարող եք օգնել։ Փառք Աստծո, մեր բանակն այնքան կազմակերպված է, որ պահում է մեր սահմանները։ Հա, կասեք, բա Մեղրին ու Գյումրի՞ն, ինչի՞ն են այդ դեպքում պետք ռուսական բազաները։ Դե եթե կարող եք նաև ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ էլ պատերազմեք, եթե իրոք այդքան նվիրյալ եք` ավելի լավ։ Պարզապես Թուրքիան էլ միայնակ չէ։ Ուստի, թարգեք։ Հասկանալի է, որ դժգոհ եք, հասկանալի է, որ սրտով չէ, բայց մի բան անելուց կամ ասելուց առաջ մի հատ մտածեք, արդյո՞ք ճիշտ մեթոդ եք ընտրել, և արդյո՞ք այն չի վնասում ազգային շահերի։ Եվ հիշեք` մենք ենք այս երկրի տերը և ոչ միայն խոսքերով կամ քաղաքական պաստառներով, այլ գործով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել