Էլ.էներգիայի թանկացումն ու սուբսիդավորվող ընկերությունները

Գաղտնիք չէ, որ օրերս գործադիրը որոշում է ընդունել այս տարվա օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը սպառած էլեկտրական էներգիայի մասով՝ 2015թ-ի օգոստոսի 1-ից գործող սակագները մեղմացնելու համար բնակչության (ամսական սպառված ամբողջ էլեկտրաէներգիայի մասով) և 0,38 կՎ լարմամբ՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) օգտին վճարել սուբսիդիաներ՝ 6,93 դրամ/կՎտժ չափով: Այսինքն՝ օգոստոսի 1-ից սկսած՝ բնակչությունը էլ.էներգիա սպառելու է նախկին սակագնով, այն է 41.85 դրամ/կՎ.Ժ ցերեկային սակագնով և 31.85 դրամ գիշերային սակագնով, իսկ ՓՄՁ ոլորտի, այն է՝ 0.38 կՎ լարմամբ սնվող և ամսական մինչև 500 կՎ.Ժ սպառում ունեցող ձեռնարկությունների համար ՀՀ կառավարության կողմից հատկացվող սուբսիդիայի չափը կկազմի ամսական մինչև 250 կՎ.Ժ-ի մաս կամ մինչև 1700 դրամ:

Բոլորիս է հայտնի, որ արտադրության ճյուղերն էներգատար են, և էներգիայի ծախսն արտադրանքի ինքնարժեքում կազմում է միջինում 5-7%, այսինքն՝ ստացվում է, որ այս դեպքում սուբսիդիայի հնարավորություն են ստանալու տարեկան մինչև 5 մլն. դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները, որը կարելի է դասակարգել միկրո մակարդակի: Իսկ ինչ վերաբերվում է առևտրի և ծառայությունների ճյուղի ձեռնարկություններին, կարելի է փաստել, որ դրանք քիչ էներգատար են, և այս դեպքում տվյալ սուբսիդիայից կարող են օգտվել մանրածախ առևտրով զբաղվողներն ու փոքր ձեռնարկությունները:

Ճիշտ է՝ տնտեսության ներկա վիճակն այնպիսին է, որ հենց առևտրի ոլորտն է անկում գրանցել, և կարևոր է հենց այդ ճյուղի ձեռնարկություններին աջակցություն տրամադրել, բայց և այնպես ավելի ճիշտ կլիներ սուբսիդավորել բոլոր ՓՄՁ-ներին, որպեսզի նրանք այս առումով համեմատական առավելություն ստանաին խոշորների նկատմամբ:

Հարկ է նշել նաև, որ խոշոր ընկերությունների մասով ՀՀ կառավարությունը որոշել է սուբսիդիա չտրամադրել: Ճիշտ է՝ խոշոր ընկերություններն այս դեպքում կարող են որոշակի խնդիրներ ունենալ կապված ՓՄՁ ընկերությունների հետ մրցակցությամբ, քանի որ վերջիններիս մի մասի էլ.էներգիան սուբսիդավորվել է, և նրանք բնականաբար չեն փոփոխի իրենց ապրանքի գինը այդ մասով, իսկ խոշոր ընկերությունները ստիպված են լինելու աշխատել տվյալ գնով և նույնպես չեն բարձրացնելու իրենց ապրանքի գները, բայցևայնպես այս իրավիճակում բնակչությունը շահում է, քանի որ լրացուցիչ գնաճ տեղի չի ունենում, իսկ ՓՄՁ-ն էլ համեմատական առավելություն է ձեռք բերում խոշորի նկատմամբ, և դա մեղմում է խոշորի մասշտաբի էֆեկտը:

Այն խոշոր ընկերությունները, որոնք ունեն մենաշնորհային դիրք շուկայում, գրեթե ոչ մի վնաս չեն կրի էլ.էներգիայի բարձրացումից և ամբողջ բեռը կթողնեն բնակչության ուսերին: Կան նաև խոշոր կազմակերպություններ, որոնք ապրանքներն իրացնում են արտաքին շուկաներում, այսինքն՝ ունեն արտահանման ուղղվածություն, և այս պարագայում խոշորները վնասներ են կրում այլ երկրի գործակալների հետ մրցակցության պայմաններում, բայց այս տեսակի կազմակերպություններին կարելի է այլ մասով արտոնություններ տալ, որպեսզի նրանք չկորցնեն իրենց մրցունակությունն արտաքին շուկաներում:

Եթե փորձենք վերլուծել վերը նշվածը, ապա կարող ենք փաստել, որ խոշորին չսուբսիդավորելը բնակչության վրա բացասական է անդրադառնում, այն է` ապրանքի գները բարձրանում են միայն մենաշնորհային դիրք ունեցող կազմակերպությունների մասով, իսկ եթե խոշոր կազմակերպություններին սուբսիդավորեին ամբողջովին, ապա այդ ամբողջ բեռը կընկներ բյուջեի հետևապես բնակչության վրա, իսկ այս դեպքում բեռի միայն մի մասն է մնում բնակչության ուսերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել