Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը և Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 2-ին մասնակցել են Ստեփանակերտում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ ` Նախագահ Սահակյանը նշել է, որ նման կենտրոնի գործունեությունը նոր որակ կհաղորդի Արցախում երիտասարդների շրջանում մտավոր ներուժի զարգացմանը և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման գործընթացին:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել Հայ բարեգործական ընդհանուր միությանը, «Սիմոնյան» հիմնադրամին և «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը՝ հայրենանվեր այս նախաձեռնությունն իրականացնելու համար` նշելով, որ դա մեր հանրապետությունում մարդկային կապիտալի զարգացման գործում լավագույն ներդրումներից է: Կենտրոնում շրջայցի ժամանակ նախագահները ծանոթացել են կրթական այս հաստատության պայմաններին և ուսուցման ծրագրին: Ըստ պատասխանատուների՝ ծրագիրը հասանելի կլինի ավելի քան 500 ուսանողների, որոնցից յուրաքանչյուրը «ԹՈՒՄՈ»-ում շաբաթական երկու օր կսովորի կենտրոնի չորս հիմնական ոլորտների՝ անիմացիայի, ֆիլմերի ստեղծման, կայքերի մշակման և խաղերի ստեղծման հիմունքները, ինչպես նաև կստանա 21-րդ դարին բնորոշ այնպիսի հմտություններ, ինչպիսիք են 3D մոդելավորումը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունը, գրաֆիկական դիզայնը և այլն:
Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, հյուրեր Հայաստանից և արտերկրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել