Tert.am-ը գրում է.

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանի դպրոցիփոխտնօրենի պաշտոնում մի քանի ժամ մնալը դեռ չի նշանակում, որ նա չի նշանակվի, օրինակ, ԳԱԱ նախագահ: Tert.am –ի հետ զրույցում Զարզանդ Նիկողոսյանի նշանակումն ու ազատումը (ԿԳՆ-ի կողմից որոշման չեղարկումը) այսպես մեկնաբանեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Ի դեպ, այն, որ երկու կարմիր դիպլոմով բուհ ավարտած Զարզանդ Արտաշեսովիչը մի քանի ժամ մնաց դպրոցի փոխտնօրեն, դա դեռ բացառապես չի նշանակում, որ առաջիկայում Զարզանդը  չի նշանակվի ԳԱԱ նախագահ և կրկին այս դեպքում, ի տարբերություն իմ շատ հայրենակիցների անձնապես ես ո՛չ կզարմանամ, ո՛չ կվրդովվեմ, ո՛չ էլ կընդվզեմ, որովհետև սա  է մեր իրականությունը: Իրականություն,  որտեղ արժեքներն ուղղակիորեն գլխիվայր են շրջված»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ ղեկավարը զարմանում է, որ հասարակությունը զարմանում է նման նշանակումներից, փոխանակ «կայուն իմունիտետ ձեռք բերեր նման դեպքերի նկատմամբ»:

«Մենք սրընթաց տեմպերով գնում ենք  դեպի նման ժամանակներ, երբ բացարձակապես կզարմանանք, որ դպրոցի տնօրեն են նշանակվում գրագետ մարդիկ: Այլ խոսքով`  մեր օրերի ու ժամանակներին հարիր իրավիճակ»,- ավելացրեց Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ կրթության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր.«Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը։ Շնորհակալություն լրատվական միջոցներին օպերատիվ աշխատանքի համար»:
Նաիրա Զոհրաբյանն, իհարկե, կարևոր է համարում, որ նախարարությունը համարժեք  արձագանքեց , իր խոսքով` այս կլոունադային, բայց առաջարկեց նայել ողջ պետական համակարգին:

«Եվ փորձենք «այքյու»  (IQ) տեստ անցկացնել հայտարարված պետական համակարգում` ծայրից ծայր: Վստահեցնում եմ, որ պատկերն առավել քան ողբերգական կլինի: Պարզապես, այս մի դեպքը խիստ ակնառու էր էկզոտիկ Զարզանդի դեպքում, բայց վստահեցնում եմ, որ թաքնված զարզանդներ մեր ողջ համակարգում այնքան շատ են, որ նրանք այսօր արդեն ուղղակիորեն որակ են փոխում»,-ամփոփեց ԲՀկ ղեկավարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել