«Ոչ թալանին» նախաձեռնությունը վերսկսեց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի նոր փուլը, սակայն Սիրահարների այգուց բողոքի ակցիան Բաղրամյան պողոտա տեղափոխելու փորձը, կարելի է ասել, ձախողվեց: Շարժման ակտիվիստները, որ ընդամենը երկու ամիս առաջ Բաղրամյան պողոտայում քաղաքակիրթ պայքարի բաց դասեր էին տալիս օտարերկրյա լրատվամիջոցներին, երեկ ակնհայտորեն լարված ու շփոթահար վիճակում էին:

Հուզմունքից ու քաշքշուկից իրեն կորցրել էր նաև շարժման ակտիվիստ Վաղինակ Շուշանյանը, ով իրեն արդեն զգում էր բարիկադների վրա. ինչպես դիպուկ նկատել էր լրատվամիջոցներից մեկը՝ «երգը շուրթերին, վազում էր առաջ՝ ընկերներին օգնության»: Հուլիսյան միտինգների հավասարակշիռ ու իր գործն իմացող Վաղինակը, վստահաբար, ասելիքի և անելիքի դեֆիցիտի մեջ է հայտնվել, ինչի փոխարեն ի հայտ են եկել կռվարարի հատկանիշները:
Ըստ Բիսմարկի՝ քաղաքականության մեջ գնահատում են ոչ թե մտադրությունները, այլ հնարավորությունները: Շարժման առաջին փուլի արդյունքում իշխանությունները մի շարք ընդառաջ քայլեր կատարեցին. ՀԷՑ-ում աուդիտ անցկացնելու որոշում, մինչև աուդիտի եզրակացությունը սակագնի ավելացված մասի փոխհատուցում բնակչության և փոքր բիզնեսի համար, աուդիտին մասնակցելու հնարավորություն և այլն:

Սակայն շարժման ակտիվիստները, ոգևորված նախկին հաջողություններով, հավանաբար որոշել են ստանալ ամեն ինչ և միանգամից: Բանավեճի ոճը դարձել է ավելի կոշտ, հրապարակ են նետվել նոր լոզունգներ, ընդհուպ Սահմանադրական փոփոխություններին «ոչ» ասող ուժերին սատարելը, ինչն, անշուշտ, բացասաբար է ազդելու «Ոչ թալանին» շարժման հիմնական պահանջի իրականացման արդյունավետության վրա:

Ի հայտ են եկել նաև տղայական մոտեցումներ, ինչը հարիր չէ հատկապես հանրապետության նախագահին դիմելու պարագայում:
Ինչ դասեր կքաղեն «Ոչ թալանին» նախաձեռնության ակտիվիստները երեկվա չստացված հանրահավաքից, ցույց կտան հետագա զարգացումները: Ակնհայտ է, սակայն, որ նախկին համեմատաբար մաքուր երիտասարդական շարժումը պղտորվելու հակումներ է դրսևորում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել