Ադրբեջանական կայքերը զվարճության բազում պահեր կարող են պարգևել ոչ բազմազբաղ ընթերցողին: Երկրի առաջատար լրագրողները միջին կարողության տեր ադրբեջանցու գլուխն են մտցնում այն միտքը, թե անմեղ-անմեղ իր երջանիկ ապագան կերտող Ադրբեջանին ուզում է ճշմարիտ ուղուց շեղել… Արևմուտքը: «Բրիտանիայի դեսպանն սկսել է ապակայունացնել Ադրբեջանի իրադրությունը» հոդվածի հեղինակը պատմությունն սկսում է ամենասկզբից, երբ տարիներ առաջ Նորվեգիայի նախկին դեսպաններից մի քանիսը փորձել են խառնվել Ադրբեջանի ներքին գործերին, տարբեր դիտողություններ անել ինքնիշխան այդ երկրին: Նույն բանը, ըստ հոդվածագրի, կրկնվել է Գերմանիայի դեպքում, երբ այդ երկրի նախկին դեսպան Քվելին ստանձնել էր բողոքավոր գլխավոր դուաենի առաքելությունը:

«Նույնիսկ երկրաքաղաքական հսկա Գերմանիան հաշվի չէր առել ալիևյան իշխանության կայունությունն ու անսասանությունը»,- ամենայն լրջությանբ գրում է կայքի հեղինակը: Հաշվարկը պարզ է` եթե վարչակազմի գովերգումը երկրից դուրս ընդամենը քմծիծաղ կարող է առաջացնել, ապա երկրի ներսում… Երկրի ներսում աքսակալները կարող են գլուխները քորել ու հիանալ Իլհամ Ալիևի իմաստուն քաղաքականությամբ: Այս երկարաշունչ պատմությունը սրանով չի ավարտվում: Հերթը Մեծ Բրիտանիայի դեսպանինն է, որն իբր սկսել է անառողջ հետաքրքրություն ցուցաբերել Ադրբեջանի քաղաքական կյանքի հանդեպ:

Պարզ է, որ Արևմուտքին հետաքրքրում է մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումն Ադրբեջանում: Իշխանության մունետիկներին բնավ դուր չի գալիս այն, որ իբր Մեծ Բրիտանիայի դեսպանը ջանք է գործադրում միավորելու և դրանով իսկ ուժեղացնելու ադրբեջանական ընդդիմությունը: Հոդվածի եզրափակիչ մասը բացահայտում է գործերի իրական դրությունը. իբր բրիտանացիների միջոցով Ադրբեջանի իշխանության նավակը ճոճելուն են ձեռնամուխ եղել… ամերիկացիները: Հոդվածագիրը Ադրբեջանի «հույժ ինքնավստահ» իշխանությանը հորդորում է լուրջ միջոցներ ձեռնարկել, որպեսզի երկրի կայունությունը չխաթարվի:

Խուճապն այնքան մեծ է, որ հեղինակն անհրաժեշտ է համարում հապշտապ քայլերի դիմել` սկսելով համաադրբեջանական անդորրը խախտող բրիտանական դեսպանից: «Պետք է կանչել, հարցապնդում անել, մեղադրանք ներկայացնել և նույնիսկ արտաքսել երկրից»- աղաղակում է կայքը, և այդ աղաղակը լսվում է հոդվածի բոլոր տողերի արանքից: Ինչպես հայտնի է` «երկու ահը մի մահ է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել