Tert.am-ը գրում է.

Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ Թուրքիան հիմա այն վիճակում չէ, որ նախկինի նման կարողանա Ադրբեջանին պաշտպանել: «Երբ չգիտի` նոյեմբերին ընտրություններն ինչ է լինելու, քրդական խնդիրը, Սիրիայի հետ հարաբերություններ»,-ասաց Մանվել Սարգսյանը` արձանագրելով, որ այս խնդիրները չեն եղել, հիմա կան և ազդում են այդ երկրի քաղաքականության վրա:

-Պարո՛ն Սարգսյան, Բաքու կատարած այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցել «Russia Arms Expo» զինտեխնիկայի և սպառազինությունների ցուցահանդեսին, և նկատի ունենալով  Լավրովի արած հրավերը՝ ենթադրվում է, որ Ռուսաստանն ակնկալում է սպառազինության նոր խմբաքանակ վաճառել Ադրբեջանին: Ինչպե՞ս եք մեկնաբանում սա:

- Շարունակությունն է, նոր բան չկա. Ռուսաստանը փորձում է Ադրբեջանի հետ սերտը կապեր հաստատել, իր ճամբարում պահել և դրա համար, հիմնականում, մի բան ունի առաջարկելու`զենքն է: Ես հստակ այդ եմ տեսնում և այս այցը շարունակությունն է: Կրկնում եմ` Ռուսաստանը փորձում է Ադրբեջանին կտրել Թուրքիայից: Այսինքն` իրենով անել Ադրբեջանին, որն անընդհատ փչացնում է իր հարաբերությունները Արևմուտքի հետ:

-Իսկ Ռուսաստանի այն արդարացումները, որ մենք զենք ենք վաճառում, բայց մենք գիտենք բոլոր «կոճակները», այսինքն, որ իրենք վաճառում են, իրենք էլ վերահսկում:
 

-Դե, դրանք հեքիաթներ են, և բազմաթիվ անգամ այդ հարցը դրվել է, որ ոնց կարող ես լինել Հայաստանի հետ ռազմավարական դաշնակից, բայց պատերազմական վիճակում հակառակորդին զենք վաճառել: Բա Ռուսաստանը նման հեքիաթներ պետք է հորինի: Իհարկե, չեմ կարող ժխտել, որ Ռուսաստանն այս հարցում Ադրբեջանի վրա քաղաքական ազդեցութուն ունի, որովհետև մենակ զենք վաճառելը չէ, այն պետք է կարողանաս օգտագործել, ինչը շատ դժվար բան է անել` առանց քաղաքական որոշումների /նկատի ունի ՌԴ-ն/: Տեսել ենք`անցած տարի օգոստոսին Ադրբեջանը հանեց տեխնիկան ռազմաճակատ, բայց չկարողացավ օգտագործել:

-Բայց այդ ինչպե՞ս, եթե հասարակ սպառողը խանութից համակարգիչ է գնում, այն գնում է օգտագործման ցուցումներով: Հիմա իրենք միլիարդների զենք են գնում, չե՞ն կարողանում օգտագործել:

-Ինստրուկցիայի խնդիր չէ, այլ պատերազմ սկսելու որոշում ընդունելու: Դա միայն Ադրբեջանի խելքի գործը չէ, դա շատ բարդ բան է. ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա մի կողմից, Ռուսաստան` մյուս: Նման լուրջ քայլի գնալու համար ընդհանուր կոնսենսուս է պետք և սա միայն Ռուսաստանով չէ, քանի որ աշխարհում այսօր այնքան բարդ հարաբերություններ են, որ բավականին դժվար է միայնակ որոշումներ ընդունել: Եվ դա Ադրբեջանին չի հետաքրքրում, ուղղակի այդ երկրի ավանդույթն է` միշտ պատրաստ լինել բախումների:

- Սակայն Ձեր գործընկերներից շատերը նշում են, որ հիմա` Իրան-6-յակ համաձայնություններից հետո Ռուսաստանին շատ ձեռնտու է տապալել Իրանին առնչվող շռնդալից ծրագրերը` Հարավային Կովկասում նոր պատերազմով:

-Դե, մարդիկ են, կարող են նման կարծիք ունենալ: Ռուսաստանն, իհարկե, մտահոգվում է, որ Իրանը փոխում է իր դերն ու նշանակությունը միջազգային հարաբերություններում: Եվ սա նոր իրավիճակ է, որը մտահոգում է Թուրքային, Ադրբեջանին, բոլորին, և ամեն մեկն ուզում է դեպի իր ուղղությամբ տանել այս զարգացումները: Բայց կոնկրետ միանշանակ ասել, որ դա կարվի պատերազմի միջոցով, ես անձամբ դժվարանում եմ:

-Իսկ ինչպես կթարգմանեիք Բաքվում Լավրովի այն հայտարարությունը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարությամբ փորձում են ԼՂ հարցն ընդհանուր հայտարարի բերել և որ հույս է հայտնվում, որ կհասնեն առաջընթացի:

- Դե, ինչ է ասել, որ 100 անգամ նույն բանն ասել է, էական բան չեմ տեսնում: Դա ավելի շուտ արտացոլում է, որ այս կամ այն երկիրը, եթե ուզում է ինչ-որ գերակայություն ունենալ որևէ խնդրում, հայտարարություն է անում` դրանով ցույց տալով, որ իրենցից է կախված այդ ամենը: Իրականության մեջ, մենք տարիների ընթացքում տեսանք, որ դրանք էական նշանակություն չեն ունենում, որովհետև կոնկրետությունն է էական: Օրինակ`Թուրքիայի նոր վիճակը, Իրանի մասին խոսել էինք: Կամ`Թուրքիան էլ հայտարարել էր, որ քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, նրա սահմաններին բան չի սպառնա: Ինչո՞ւ են նման հայտարարություն անում: Անում են պրոցեսների վրա ազդելու համար: Ադրբեջանն էլ պետք է հարցեր տա, չէ՞, որ մեզ սատարում ե՞ք, թե ոչ: Նրանք էլ ասում են` քանի կանք ձեր կողքին ենք: Բայց հիմա նոր փոփոխություններ են տարածաշրջանում` Թուրքիա-Սիրիա, ԻՊ, պետք է նոր հայտարարություններ անեն, որովհետև հակամարտության առումով տարիներ շարունակ  որևէ փոփոխություն չկա:

-Իսկ Թուրքիայի` դժվարին վիճակում հայտնվելը Ադրբեջանին աջակցությունից ինչ-որ մասով չի՞ զրկել, և դրանով իսկ փոքրացրել հայ-ադրբեջանական պատերազմի վտանգը:

-Բա ոնց, բա որ այդ երկիրն այդ վիճակում է ինչպե՞ս կարող է Ադրբեջանին պաշտպանել այնպես, ինչպես առաջ, երբ ինքն է այդ վիճակում: Երբ չգիտի` նոյեմբերին ընտրություններն ինչ է լինելու, քրդական խնդիրը, Սիրիայի հետ հարաբերություններում: Այդ խնդիրները չեն եղել, հիմա կան և ազդում են այդ երկրի քաղաքականության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել