ՀԱՐՑ

Այն դեպքում, երբ ես բաց եմ թողել ժառանգությունն ընդունելու համար սահմանված 6-ամսյա ժակետը, ինչպե՞ս կարող եմ ընդունել ժառանգությունը ժամկետի բաց թողնված լինելու պայմաններում։

 

ՊԱՏԱՍԽԱՆ

Հարցին պատասխանելու համար նախ անհրաժեշտ է պարզել, թե ժառանգության ընդունման ինչպիսի ժամկետներ ու եղանակներ է նախատեսված։

Ժառանգությունը ձեռք բերելու համար ժառանգը (մահացած անձի երեխաները, ամուսինը կամ ծնողները համարվում են ժառանգությունն ընդունող առաջին հերթի ժառանգներ) նախ պետք է այն ընդունի:

Ժառանգությունը կարող է ընդունվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում: Եթե ժառանգության իրավունքը Ձեզ համար ծագում է ժառանգությունից մյուս ժառանգի հրաժարվելու դեպքում, ապա Դուք կարող եք ժառանգությունն ընդունել վեց ամսվա մնացած մասի ընթացքում, իսկ եթե այն երեք ամսից պակաս է, ապա երեք ամսվա ընթացքում: Իսկ այն անձինք, ում համար ժառանգության իրավունքն առաջանում է միայն այլ ժառանգի կողմից ժառանգությունը չընդունելու դեպքում, կարող են այն ընդունել ժառանգության ընդունման վեցամսյա ժամկետն ավարտվելու օրվանից երեք ամսվա ընթացքում:

Ժառանգությունը կարող է ընդունվել հետևյալ եղանակներով։

- Ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգության բացման (անձի մահվան) օրվանից վեց ամսվա ընթացքում՝ ժառանգի դիմումը նոտարին հանձնելով:

- Եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում նաև այն դեպքում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը, լինի դա շարժական, թե անշարժ գույք, և դա նույնիսկ այն դեպքում, երբ վեց ամսվա ընթացքում չի ներկայացվել ժառանգությունը ընդունելու մասին դիմում։ Օրենսդիրի ժառանգված գույքի տիրապետում և կառավարում հասկացությունները ներառում են այն դեպքերը, երբ ժառանգը`

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

Փաստորեն, երբ ժառանգը բաց է թողնում ժառանգությունը վեց ամսվա ընթացքում ընդունելու ժամկետը, սակայն ժառանգատուի մահից հետո ժառանգական գույքը տիրապետում և կառավարում է, նա իր այդ գործողություններով ևս ընդունում է ժառանգությունը։ Եվ այդ դեպքում ևս ժառանգն իրավունք ունի ժառանգության վեցամսյա ժամկետից հետո դիմել նոտարին՝ ժառանգության վկայական ստանալու նպատակով։ Հարկ է նշել, որ նման եղանակով ընդունելու դեպքում նոտարին դիմելիս անհրաժեշտություն է ծագելու նոտարի մոտ ապացուցելու ժառանգական գույքը տիրապետելու և կառավարելու հանգամանքը։ Դա կարող է կատարվել ցանկացած փաստաթղթով, որը կապացուցի գույքը պահպանելու համար կատարված ծախսերը, այն կառավարելու հանգամանքը (բնակվելու հանգամանքը, եթե անշարժ գույք է), ժառանգատուի պարտքերի վճարումները կատարելու համապատասխան չեկերը և այլն։

Իսկ այն դեպքերում, երբ ժառանգները մի քանիսն են, ժառանգը կարող է առանց դատարան դիմելու ժառանգությունն ընդունել այն ընդունելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո, եթե առկա է ժառանգությունն ընդունած մնացած բոլոր ժառանգների համաձայնությունը: Իսկ եթե չկա նման համաձայնության առկայություն, և առկա է վեճ ժառանգների միջև ժառանգությունն ընդունելու վերաբերյալ, ապա ժառանգությունը կարող է ընդունվել միայն դատական կարգով։

Պատահում են դեպքեր նաև, որ ժառանգն ուղղակի չի իմացել ժառանգության բացման մասին, ոչ էլ կառավարել ու տիրապետել ժառանգական գույքը։ Օրենսդիրն այս դեպքում ևս սահմանել է հստակ կարգավորումներ։ Այսպես․Ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգի դիմումի հիման վրա դատարանը կարող է նրան ճանաչել ժառանգությունն ընդունած` հարգելի համարելով ժամկետը բաց թողնելու պատճառները, եթե պարզվի, որ ժամկետը բաց թողնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ ժառանգը չգիտեր և պարտավոր չէր իմանալ ժառանգության բացման մասին ու պայմանով, որ ժառանգությունն ընդունելու ժամկետը բաց թողած ժառանգն այդ ժամկետը բաց թողնելու պատճառները վերացվելուց հետո` վեց ամսվա ընթացքում, դիմի դատարան: 

Սյուզաննա Մալխասյան (Արտոնագիր 746)

Ձեր հարցերն իրավաբաններին կարող եք ուղարկել editor@blognews. am հասցեով կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին գրելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել