Տարիներ շարունակ մենք քննադատում ենք հայրենի կառավարությանը՝ նրա գործունեության տարբեր ոլորտներում թերացումների, որոշ կադրերի ու հազար այլ հարցերի մասով: Դրանց մի մասն իրապես արդարացված է, մյուսը՝ ոչ միշտ: Կառավորությունները երևի հենց դրա համար էլ նախատեսված են, որ նրանք ավելի հաճախ քննադատեն:

Արդեն մի քանի տարի է՝ ՀՀ-ում գործում է «Սոց. փաթեթների» ինստիտուտը: Օրենսդրական որոշ փոփոխություններից հետո այն այսօր էլ կա: Դրա շրջանակներում հազարավոր մարդիկ, որ պետ. կառավարման, կրթության, գիտության, մանկավարժության ոլորտից են, կարողանում են բուժման, կրթական վճարների և հանգստի կազմակերպման հետ կապված իրենց՝ մի շարք սոցիալական կարիքները հոգալ պետական սուբսիդավորման հաշվին: Եթե շատերի համար դա ոչ էական հանգամանք է, ապա ոչ այդքան լավ տնտեսական վիճակում գտնվող երկրի համար նման քայլը, ուղղված քաղաքացիների սոցիալական կարիքների մի մասի բավարարմանը, կարծում եմ, կարևոր է: Ի դեպ, բացի հասարակության մի շերտի սոցիալական պահանջմունքների բավարարումից, այդ սուբսիդավորումը բավական ակտիվություն է ապահովում ներքին տուրիզմի, բժշկական ծառայությունների ոլորտի ակտիվացման գործում:

Այս տարի, վստահ եմ, շատերն օգտվել են իրենց այդ փաթեթներից, բայց հետաքրքիրն այն է, որ որևէ մեկն (համենայն դեպս ես դեռ չեմ տեսել) այդ մասին չի բարձրաձայնում դրական ակցենտավորմամբ: Մինչդեռ կառավարությանը քննադատելիս շատերը «հերթ» են կանգնում:

Կարծում եմ՝ պետք է օբյեկտիվ լինել այս հարցում. եթե կառավորությունը դրական նախաձեռնություն է իրագործում, պետք չի այդ մասին լռել: Ավելին՝ է պետք խոսել ու դրական գնահատել: Իհարկե, օբյեկտիվ պետք է գնահատել նաև թերություններն ու բացթողումները և երբեք չքննադատել քննադատելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել