Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Իրանի նախագահ Հ. Ռուհանին մամուլի ասուլիս է հրավիրել և հերթական անգամ փորձել է համոզել պահպանողական քաղաքական թևի ներկայացուցիչներին հրաժարվել իրենց՝ կառավարությանն ուղղված պահանջներից Մեջլիսի հաստատմանը ներկայացնել Ընդհանուր գործողությունների համապարփակ ծրագիրը (պարսկ.՝ «Բարջամ» - برنامه جامع اقدام مشترک), որն ԻԻՀ և «5+1» երկրների միջև միջուկային հիմնախնդրի շուրջ երկարաշունչ բանակցությունների ամփոփիչ փուլում ձեռքբերված փոխհամաձայնության արձանագրումն է:

Նախագահն իր հորդորը հիմնավորել է այն տրամաբանությամբ, որ Մեջլիսի հաստատումը կնշանակի սեփական գործողությունների կաշկանդում, քանի որ Իրանն այդպիսով կհրաժարվի «ԸԳՀԾ»-ով սահմանված այն դրույթից, ըստ որի՝ քանի դեռ կողմերը չեն ստորագրել հիշյալ փաստաթուղթը, նրանք չունեն պարտավորություններ: Հ. Ռուհանիի համոզմամբ՝ նման տեսակետի կողմնակիցները փորձում են Մեջլիսի հաստատմանը ներկայացնել մի օրինագիծ, որը սահմանափակում է Իրանի՝ մանևրելու հնարավորությունները՝ թղթի վրա ամրագրելով հավելյալ կետեր, որոնք ԻԻՀ նախագահը և ԱԳ նախարարը չեն ստորագրել բանակցությունների ավարտին:

Առավել հավանական է, որ ԻԻՀ քաղաքական ուժերն ականջալուր լինեն նախագահին, և օրինագիծը չհաստատվի Մեջլիսի կողմից (եթե իհարկե մտնի խորհրդարան), քանի որ դրա կողմնակիցների թիվը զիջում է հակառակ տեսակետ արտահայտողների թվին: Բացի այդ, պահպանողական թևի ոչ բոլոր գործիչներն են հակառակվում Հ. Ռուհանիին, և այնպիսի ազդեցիկ դեմքեր, ինչպիսիք են ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ա. Լարիջանին և նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած, ներկայում Վարչակարգի նպատակահարմարությունը որոշող խորհրդի անդամ Մոհամադ Ռեզա Բահոնարը, կողմ են նախագահի հիմնավորումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել