Սահմանադրական բարեփոխումների նախագծի 2-րդ` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրահանգել, որ փորձ է արվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու ազատություններն, իրենց սահմանափակումներով հանդերձ, նույնությամբ արտացոլել սահմանադրության մեջ։ Մինչդեռ, սահմանադրական իրավունքի և իրավապաշտպան գործունեությամբ զբաղվող մասնագետներին հայտնի է, որ Մարդու իրավունքների միջազգային փաստաթղթերում, տվյալ դեպքում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում, սահմանվում են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նվազագույն չափանիշներ, իսկ ազգային սահմանադրությունների առանձնահատկությունն այն է, որ պետությունները միշտ ավելի բարձր չափանիշներ են սահմանում՝ մարդու իրավունքների երաշխավորման և պաշտպանության առումով։ Այստեղ պետք է առաջարկեմ, որպեսզի բարձրացվեն առաջարկվող նախագծի 2-րդ` «Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները» գլխում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգման, ապահովման և պաշտպանության սահմանադրական երաշխիքները, քանի որ սահմանադրական բարեփոխումների նախագիծը ենթադրում է բարեփոխումներ։
Այս նույն գլխում մի շարք իրավունքների և ազատությունների վերաբերյալ արձանագրվել է ակնհայտ հետընթաց, օրինակ` ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության իրավունքի և դրա սահմանափակման հնարավորության նախատեսմամբ, ինչպես նաև սեփականության իրավունքի, հավաքների ազատության, անմեղության կանխավարկածի և այլ իրավունքների մասով, որոնց վերաբերյալ մանրամասն առաջարկներ կներկայացվեն առաջիկայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել