Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ ձեզ Լեռնային Ղարաբաղի անկախության տոնի առթիվ:

Արցախի անկախության օրը համայն հայության մեծ տոնն է, բայց առաջին հերթին ձեր` արցախցիներիդ տոնն է: 1991 թվականի նվիրական այս օրն անկախության հռչակմամբ բռնության ու բռնապետության ճիրաններից, ազգային ու կրոնական խտրականության, հալածանքների ու ջարդերի, ստի, կեղծիքի ու հակահայկական ռասիստական քարոզչության ճիրաններից դուրս բերվեց հայության տառապյալ, բայց նաև հերոսական հատվածներից մեկը: Եվ դա արեցիք դուք:
Այդ պատմական քայլով ոչ թե ավարտվեց, այլ նոր հանգրվան թևակոխեց բոլորիս պայքարը՝ հանուն սեփական տանն արժանապատվորեն ապրելու իրավունքի, հանուն մարդկային ու ազգային իրավունքների: Արցախցին կռվի դաշտում պաշտպանեց իր և իր զավակների կյանքը, փրկեց իր և իր զավակների ապագան:
2015 թվականին` Մեծ եղեռնի 100-ամյակի տարում, երբ մենք ոգեկոչում ենք մեր՝ արդեն սրբադասված նահատակների հիշատակը, ազատ, նորոգ ու հպարտ Արցախը նոր` ավելի խոր իմաստ ու արժեք է ստանում բոլորիս համար:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Օր օրի աշխարհում ավելի ստվարանում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և նրա ժողովրդի բարեկամների շարքերը: Օր օրի բարձրանում է ազատության ու ժողովրդավարության ճանապարհով անշեղորեն ընթացող Արցախի միջազգային հեղինակությունը: Դա արդյունքն է ձեր արդար ու ստեղծագործ աշխատանքի, պետականաշինության և բանակաշինության ասպարեզներում ձեր արձանագրած հաջողությունների:
Կրկին շնորհավորում եմ այս փառապանծ տոնի առթիվ` կրկնելով հին ու իմաստուն կարգախոսը. «Ազատությունը չունի այլընտրանք»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել