Մեր հայրենիքի անբաժանելի մասն է նաեւ հայկական երկրորդ հանրապետությունը` Արցախը: Տարբեր ժամանակաշրջաններում այն կոչվել էլ տարբեր անուններով` Ուրտեխե-Ուրտեխինի, Օրխիստենե, Արցախ, Ծավդեք, Խաչեն, ինչպես նաեւ Ղարաբաղ`Սեւ այգի: Որքան էլ հարեւան պետությունները փորձեն խեղաթյուրել պատմությունն ու պատմական Արցախը փորձեն իրենցը համարել, պատմությունն այլ բան է վկայում: Դեռեւս Մ.թ.ա. I դարի կեսերին, երբ Հայաստանն աշխարհի հզորագույն պետություններից մեկն էր, Հայոց Տիգրան Մեծ արքան, կարեւորելով Արցախի դերը, այստեղ է կառուցում իր անունը կրող 4 քաղաքներից մեկը` Արցախի Տիգրանակերտը: Այսօր էլ հին քաղաքի տեղում պահպանվել են դամբանաթմբեր, կոթողներ, ժայռափոր հարթակներ ու համալիրներ: Իսկ քրիստոնեության ընդունումից հետո` 5-րդ դարում, Մեսրոպ Մաշտոցի կողմից հայկական գրերի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը հենց Արցախի Ամարասի վանքում հիմնադրում է առաջին հայկական դպրոցը: Դարերի ընթացքում Արցախը պարբերաբար հայտնվել է օտարի տիրապետության տակ. սյստեղ ժամանակ առ ժամանակ իշխել են պարսիկները, աղվանները, թուրք-սելջուկները, արաբները: Սակայն անգամ օտարի տիրապետության տակ գտնվելու ընթացքում Արցախում կանգ չի առել քաղաքական ու մշակութային կյանքը: Այստեղ կառուցվում են Ամարասի վանքը, Կատարովանքը, Հոռեկը, Ջրվշտիք կամ ս.Եղիշե վանքը եւ այլն: Սակայն Արցախի պատմության ամենացավոտ էջը, հավանաբար, Ադրբեջանական ԽՍՀ կազմում գտնվելու ժամանակահատվածն էր, որի ընթացքում անընդհատ ոտնահարվեցին հայ բնակչության իրավունքներն ու շահերը. Հայերն այս ընթացքում անգամ ցեղասպանության ենթարկվեցին: Ի վերջո, հայ ժողովրդին հաջողվեց վերականգնել պատմական արդարությունը եւ այսօր Արցախն անկախ հանրապետություն է: Այդ հաղթանակը կերտվեց նաեւ Արցախում կռված մեր ազատամարտիկների շնորհիվ, ովքեր անգամ կյանքը չխնայեցին` հանուն հայրենիքի ազատագրման:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել