Ազգային ՀավաքականՊարզաբանե՞մ, թե ինչու Հայաստանի հավաքականը չի հաղթելու Սերբիայում: Նախ, սկսեմ նրանից, որ Սերբիայի հավաքականը՝ իր կազմի ընտրությամբ, համարվում էր մեր խմբի ֆավորիտը: Բայց, տարբեր հանգամանքներից ելնելով, սերբերը ձախողեցին ընտրական մրցաշարը: Սակայն, Սերբիան այն պատվախնդիր հավաքականն է, որը ընտրական մրցաշարը չի ավարտի վերջին հորիզոնականում, ՄԻԱՆՇԱՆԱԿ! Սերբերին թողնելով հանգիստ՝ վերադառնամ մեր հավաքականին եւ շարունակեմ տրամաբանական շղթան: Ինչքան էլ որ հաշվարկներ անեք՝ իբր մեր հավաքականը դեռ հնարավորություն ունի խաղալու եզրափակիչ փուլում, միեւնույն է, իրականությունն այլ է, եւ պետք է իրատես լինել: Հետեւաբար, եթե կորցրել ենք հնարավորությունը, ապա չեմ կարծում, որ Դորտմունդի Բորուսիայում առաջատար դարձած Հենրիխ Մխիթարյանը իրեն «պատռի» հավաքականում (չնայած՝ նաեւ հստակ ասում եմ, որ մեր ընտրանու եզակի ֆուտբոլիստներից է Հենոն, եթե ոչ միակը, ով խաղադաշտում նվիրվում է յուրաքանչյուր խաղին): «Չպատռվելու» նույն խնդիրն ունի նաեւ Յուրա Մովսիսյանը: Դմիտրի Ալենիչեւն արդեն վստահում է Յուրային, մեր հարձակվողն էլ՝ թու՛, թու՛, թու՛, լավ է սկսել մրցաշրջանը Սպարտակի կազմում եւ սկսել է գոլեր խփել: Արաս Օզբիլիսի շուրջ ստեղծված իրավիճակը՝ ճիշտ է, չի հուշում, որ Արասը վատ մարզավիճակում է, բայց լավագույնս խաղալու համար պրակտիկա դեռեւս չունի: Գեւորգ Ղազարյանը նոր է տեղափոխվել Մարիտիմու եւ պետք է ամեն ինչ անի՝ նոր թիմի հիմնական կազմում վերջնականապես հաստատվելու համար: Կարծում եմ՝ հասկացաք ենթատեքստը: Եթե պահանջը կամ ցանկությունը կլինի, ապա կարող եմ մյուս ֆուտբոլիստների առումով նույնպես ասեմ: Բայց այսքանը, քանզի առանցքային ֆուտբոլիստները նրանք են: Թե ինչ կլինի սեպտեմբերի 4-ին, կիմանանք հենց սեպտեմբերի 4-ի երեկոյան։ Անկախ ամեն ինչից՝ սրտանց հաջողություն եմ մաղթում մեր հավաքականի տղաներին, իմ ընկերներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել