Tert.am-ը գրում է.

ՀՀԿ-ական պատգամավորներն ավելի քան 300 առաջարկներ ունեն սահմանադրական բարեփոխումների նախագծի մասնագիտական հանձնաժողովին՝ բովանդակայինից մինչև խմբագրական.  վաղը ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամները երկու հանդիպում կունենան հանձնաժողովի հետ՝ 6 հոգանոց խմբերով: Իսկ գործուղման մեջ գտնվող ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը կհանդիպի առանձին:

Ինչպես Tert.am-ին հայտնեց Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, նման ձևաչափն ընտրվել է քննարկումներն առավել արդյունավետ դարձնելու համար:

«Քանի որ համընկնող առաջարկներ կան, որ առանձին-առանձին չներկայացվեն, եթե ընդունվում են՝ ինչու, եթե չեն ընդունվում՝ ինչու, որ տան բացատրություններ՝ ինչու այո, ինչու՝ ոչ»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:

Մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպող պատգամավորներն են` Հովհաննես Սահակյան, Գագիկ Մինասյան, Խոսրով Հարությունյան, Արտակ Զաքարյան, Մարգարիտ Եսայան, Լեռնիկ Ալեքսանյան, Արայիկ Հովհաննիսյան և այլք:

Վահրամ Բաղդասարյանը նորից ընդգծեց, որ երկրորդ փուլի հետ կապված, 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի՝ ռեյտինգային, թե այլ, որևէ առաջարկ չի լինելու, քանի որ Սահմանադրության տեքստում որևէ բան չի փոխվելու: Դա լինելու է Ընտրական օրենսգրքում:

Ինչպես Tert.am-ին հայտնեց ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ Հովհաննես Սահակյանը, ինքը 52 առաջարկ է ներկայացրել՝ բովանդակայինից մինչև տեխնիկական:

«Եվ վաղն էլ պատրաստվում եմ այդ առաջարկներիս շուրջ զրուցել: Սկզբունքային, էսպես ասեմ, ինձ համար Սահմանադրության բոլոր հոդվածները, տառն ու ստորակետը սկզբունքային են, և այնպես չէ, որ եթե գրել ենք, 100 տոկոսանոց ճշմարտություն է, պետք է ընդունել և այնպես չէ, որ եթե գրված է, ուրեմն չպետք է փոխվի: Եվ նման քանակով առաջարկներ ներկայացնելու իմաստն էլ այն է, որ մենք գտնում ենք, որ պետք է ամեն ինչ անենք, որ ունենանք ավելի լավ նախագիծ և այդ կոնտեքստում է, որ կազմակերպվում է նման մասշտաբի հանրային լսումներ ԱԺ-ում»,-ամփոփեց Հովհաննես Սահակյանը:

Խոսրով Հարությունյանը, հիշեցնենք, նախկինում մասնագիտական հանձնաժողովին ներկայացրել է մոտ 40 առաջարկ: Ինչ վերաբերում է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին, ապա նա պատրաստվում է առաջարկել փոխել ԱԺ պատգամավոր դառնալու տարիքը, որը գործող Սահմանադրությամբ 25 տարեկան է:

Կոնկրետ Վահրամ Բաղդասարյանի առաջարկությունն է, որ ՀՀ նախագահին ընտրող ընտրիչները , քաղաքական փոքրամասնությունների դերի բարձրացման նպատակով, լինեն միայն Ազգային ժողովից` պատգամավորներից:

«Որովհետև, եթե ընտրությունները կատարվում են ՏԻՄ-երի կողմից, բազմաթիվ շահարկումների տեղիք պետք է տա, և մյուս կողմից` դրանով բարձրանում է ԱԺ-ում ներկայացված քաղաքական փոքրամասնությունների դերը»,-ասաց «Հանրապետական» խմբակցության ղեկավարը:

Նա նշեց, որ նախքան մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպելը, պատգամավորները դրանք ազատ ռեժիմով քննարկել են խմբակցության ներսում:

Հիշեցնենք, որ այսօր մասնագիտական խմբի անդամները հանդիպել էին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել