Tert.am-ը գրում է.

«Հայաստանի գործատուների միության» նախագահ Գագիկ Մակարյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության որոշումը՝ որոշակի չափով սուբսիդավորել նաև այն ՓՄՁ-ների էլեկտրաէներգիայի սակագնի օգոստոսի 1-ին հայտարարված հավելավճարը, ասաց, թե 50-50 տոկոս է իր վերաբերմունքը կառավարության այդ քայլին, և ինքը լիարժեք դրական քայլ չի համարում, չնայած նրան, որ ակնհայտ է՝ ՓՄՁ-ները կառավարության աջակցության կարիք ունեն: 

«Ես մինչ այդ վերլուծել էի, երբ հայտարարել էին, 240 կվ/ժ  7 դրամի կոմպենսացիա կլինի, դա ընդամենը կազմում էր 1700 դրամ, որը չնչին թիվ է և որոշ ընտանիքների համար կարող է էական նշանակություն ունենալ, բայց ՓՄՁ-ների մեջ նույնիսկ միկրո բիզնեսի մեջ էական տարբերություն չունի: Բացի այդ, ՓՄՁ-ների մասով մեր-մեկուկես ամիս առաջ արված  վերլուծությունները ցույց տվեցին, որ 21 տոկոսը նշում է էներգակիրների թանկ լինելը և թե ինչ եք ակնկալում կառավարությունից, 29 տոկոսը նշել էր էներգակիրների էժանացման հարցը, այսինքն՝ այսօր ՓՄՁ-ների ¼-ից ավելը աջակցությունը տեսնում է այս ոլորտում»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը, այդուհանդերձ, խնդրին զգուշավոր է վերաբերվում այն մասով, որ կառավարությունն այդ միջոցները պետք է հայթայթի և վճարի ՀԷՑ-ին: «Որովհետև եթե ավելի լուրջ կառավարությունը կոմպենսացնի, որ նույնիսկ այդ 7 դրամի կոմպենսացման չափով, ելնելով ընտանիքների թվաքանակից և միկրոբիզնեսի թվաքանակից, արդեն մոտ 11 մլն  դոլար է կազմում երեք ամսում: Հիմա եթե այդ թիվը մեծացնում է և ավելի կոմպենսացիաներ արվեն 3 ամիսների ընթացքում, քանի դեռ աուդիտի հարցը չի լուծվել և հետոն էլ դեռ չգիտենք ինչ պետք է լինի, կառավարությունը ինչքան միջոց կարող է կորցնել, որովհետև կոմպենսացիան կանի ՀԷՑ-ին, ՀԷՑ-ը կշահի իսկ այդ բյուջեից կամ արտաբյուջետային ֆոնդերից են գնալու»,- ասաց նա և նշեց, թե դրա համար էլ գտնում է, որ կառավարությունն այդ գումարների ծախսելու հարցում պետք է զգուշավոր լինի:

«Կա  հարցի բարոյական կողմը, որ օրինակ՝ Շիրակում ընտանիքներ կան, որոնք ապրում են  տնակներում, վթարային շենքերում, գուցե այդ գումարներով ավելի նպատակային է  բնակարանային շինարարություն իրականացնել, որտեղ և տնտեսությունը կխաթարվեր, և զբաղվածություն կապահովվեր, գնողունակությունը կբարձրանար, բարոյական կողմը կապահովվեր, որ բնակարաններով կապահովվեին 30 տարի անտուն մնացած մարդիկ: Այսինքն՝  լայն  իմաստով լավ է հնչում, որ մենք ՓՄՁ-ներին աջակցում ենք, բայց աջակցությունը կարող էական դերակատարում չունենալ»,- ասաց նա:

Իսկ թե ինչը ստիպեց նաև որոշակի չափով ՓՄՁ-ների հարցին անդրադառնալ, արդյոք այն հայտարարությունը թե բողոքի ակցիաները վերսկսում են, Գագիկ Մակարյանը նշեց, թե  կառավարությունը ոչ այդքան նման քայլերից է վախենում, որքան  նրանից, որ տարին ուզում է հաջողությամբ ամփոփել:

«Այստեղ կա նաև խնդրի քաղաքական կողմը, որ կառավարությունն ունի հաջողություններ և ինքն ուզում է այդ հաջողությունները պահպանել և տարին դրական փակել, քանի որ ընդամենը մնացել է 4 ամիս: Այսինքն՝ կառավարությունն անհանգստանում է, որ եթե չօգնի ՓՄՁ-ներին, որոնք առանց այդ էլ վատ վիճակում են, փակվողները շատ են և այդ թիվը կարող է ավելանալ, գործազրկություն կարող է անցնի և սոցիալական լարվածությունը կարող է ուժեղանալ ՓՄՁ-ների փակվելուց և այլ գործողության պատճառներով»,- ասաց նա՝ ավելացնելով, որ բնականաբար, կառավարությունը նաև խուսափում է հուզումներից:

Կառավարության որոշումը՝ որոշակի չափով սուբսիդավորել նաև այն ՓՄՁ-ների էլեկտրաէներգիայի սակագնի օգոստոսի 1-ին հայտարարված հավելավճարը՝ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը համարում է այս կառավարությանը բնորոշ հերթական քայլ՝ թուլացնելու սոցիալական լարվածությունը: 

«Չեմ կարծում, որ որևէ մեկն այդ խայծը կուտի և խաբկանքին կգնա, առավել ևս ձեռնարկատերերը, որոնք Հայաստանում են և շատ լավ գիտեն իրենց վարձը: Այդ քայլը այս կառավարությանը բնորոշ քայլ է, որ տարբեր խմբերի բաժանի, ինչը իրենք միշտ արել են, որ մի խումբը վճարի, մյուս խումբը չվճարի, մի խումբը դուրս չգա … իրենց բնորոշ է: Բայց այս անգամ շատ ավելի վատ հաշվարկով են արել և համոզված եմ, որ որևէ մեկին չեն կարողանալու կանխել, որովհետև դա ոչինչ չտվող քայլ է»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա: 

Մաքսիմ Սարգսյանը համոզված է, որ գլոբալ  առումով այդ 250կվ/ժ հոսանքը շատ փոքր թիվ է: «Բնակարանում նորմալ, առանց խնայելու այդքան հոսանք կարելի է օգտագործել, և անգամ այդ դեպքում կարող է ընդհանուր առմամբ այդ 500 կիլովատտն անցնի, ուր մնաց թե ՓՄՁ-ի համար»,- ասաց նա և պնդեց, թե նախատեսվող ակցիաները կանխել նման որոշումով կառավարությանը չի հաջողվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել