Ծրագիրը կազմակերպվում է Տալլինի միջազգային կինոփառատոնի «Baltic Event» նախաձեռնության, ռուսական «RFilms» և «CTB Film Company» ընկերությունների համատեղ ջանքերով` «Եվրոպական Աուդիովիզուալ Ձեռնարկատերեր» (EAVE- «European Audiovisual Entrepreneurs») և «Creative Europe MEDIA» կառույցների աջակցությամբ: B՛EST-ը նախատեսված է Եվրոպական Միության և ԱՊՀ երկրները, Վրաստանը և Ուկրաինան ներկայացնող կինոպրոդյուսերների համար, ովքեր ունեն միջազգային համագործակցության նպատակ և միջազգային համատեղ արտադրության համար պատրաստ կինոնախագծեր:

Ութ կինոպրոդյուսերներ, չորսը` Եվրոպական Միության անդամ երկրներից և չորսը` ԱՊՀ երկրներից, Վրաստանից և Ուկրաինայից, ընտրվում են մասնագիտական հանձնաժողովի կողմից` միջազգային շուկայում հեռանկարային համարվող իրենց կինոնախագծերով ծրագրին մասնակցելու համար: Այս տարի Հարավային Կովկասից ընտրված է երկու կինոնախագիծ` հայկական «Պարալլելս Ֆիլմ» կինոընկերության «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» (ռեժիսոր՝ Մարինե Զաքարյան, պրոդյուսերներ` Հովհաննես Գալստյան, Րաֆֆի Նիզիբլյան, Կարեն Ծատուրյան) և ադրբեջանական «ԶԱՄԲՅՈՒՂ» ֆիլմը (ռեժիսոր՝ Իմմամադին Հասանով):

B՛EST-ը բաղկացած է երկու սեմինարներից, որոնք տեղի են ունենալու սեպտեմբերի 7-11-ին Սանկտ Պետերբուրգում և նոյեմբերի 15-18-ին Տալլինում: Դրանք ներառում են սցենարի զարգացում, ֆիլմերի ֆինանսավորման Արևելյան և Արևմտյան աղբյուրների, համատեղ արտադրության իրավական ասպեկտների, մարքեթինգային ռազմավարությունների մասին գիտելիքների փոխանակում: Երկու սեմինարների միջև պլանավորված են առցանց նիստեր մասնակիցների և դասախոսների միջև: Հաղթող կինոնախագիծը ստանալու է «P.O.V. Film Fund»-ի կողմից սահմանած 10000 Եվրո մրցանակը:

Մարինե Զաքարյանի «ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ» ֆիլմը 2005-ին հիմնադրված «Պարալլելս Ֆիլմ» կինոընկերության 4-րդ լիամետրաժ կինոնախագիծն է՝ «ԽՃՃՎԱԾ ԶՈՒԳԱՀԵՌՆԵՐ» (2009), «ԿԻՍԱԼՈՒՍՆԻ ԾՈՎԱԾՈՑԸ» (2014) և «ԼՈՒՍԱՎՈՐ ՇՐՋԱՆ» (նկարահանումների մեջ) ֆիլմերից հետո: Ֆիլմը 19-րդ դարավերջին Հայաստանի գյուղերից մեկում տեղի ունեցած մի ընտանիքի պատմություն է, էպիկական դրամա, որի գործողությունները ձգվում են 3 տասնամյակ: Ֆիլմի հիմքում ռեժիսորի տատիկի հուշերն են: Ֆիլմը համատեղ արտադրություն է Բուլղարիայի և Ռումինիայի հետ, էկրան կբարձրանա 2017-ին:

Հղումներ`
http://be.poff.ee/best-eave-announces-project-slate/
http://eave.org/news/best-eave-announces-project-slate/

B՛EST EAVE 2015ի ընտրված կինոնախագծեր.

MY GRANDMA՛S LOCKS / ՏԱՏԻԿԻՍ ՎԱՐՍԵՐԸ
Պրոդյուսերներ՝ Հովհաննես Գալստյան, Րաֆֆի Նիզիբլյան, Parallels Film, Հայաստան
Ռեժիսոր՝ Մարինե Զաքարյան

DON՛T FORGET TO BREATHE / ՄԻ ՄՈՌԱՑԻՐ ՇՆՉԵԼ
Պրոդյուսեր՝ Հելեն Վինոգրադով, Vincent Films, Էստոնիա,
Ռեժիսոր՝ Հելեն Տակկին

THE GREAT BEAR / ՄԵԾ ԱՐՋ
Պրոդյուսեր՝ Մարիա Ֆորստրում, Tast Films Oy, Ֆինլանդիա,
Ռեժիսոր՝ Յան Ֆորստրում

THE LONGEST BIRTHDAY / ԱՄԵՆԱԵՐԿԱՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐԸ
Պրոդյուսեր/Ռեժիսոր՝ Մաքսիմ Դաշկին, Victoria Films, Ռուսատան

BASKET / ԶԱՄԲՅՈՒՂ
Պրոդյուսեր՝ Անդրա Պոպեսկու, Conset/Free Art, Ադրբեջան/Ռումինիա
Ռեժիսոր՝ Իմմամադին Հասանով

OTAR՛S DEATH / ՕԹԱՐԻ ՄԱՀԸ
Պրոդյուսեր՝ Եվա Բլոնդիու, Color of May, Գերմանիա
Ռեժիսոր՝ Յոսեբ «Soso» Բլիաձե

SENAFON / ՍԵՆԱՖՈՆ
Պրոդյուսեր՝ Աննա Շալաշինա, 2D Celluloid, Ռուսաստան
Ռեժիսոր Կոնստանտին Չարմադով

SUNBURNED / ԱՐԵՎԱՀԱՐՎԱԾ
Պրոդյուսեր՝ Յոհաննա Օստ, Flickfilm, Գերմանիա
Ռեժիսոր՝ Կարոլինա Հելսգարդ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել