Սեպտեմբերի 1-ին ակտուալ է խոսել կրթությունից, բայց այս անգամ չեմ ուզում սևեռվել դպրոցի վրա, այլ փոխարենը եկեք խոսենք ԲՈւՀ-երի, իսկ ավելի կոնկրետ՝ մասնավոր ԲՈւՀ-երի մասին:

Ես առավել քան համոզված եմ, որ մեր երկրում գործող տասնյակ մասնավոր ԲՈւՀ-երը մակաբույծներ են, որոնք ոչ մի օգուտ չեն բերում, իսկ այ վնաս՝ որքան ուզես: Ըստ էության, դրանց հիմնական ֆունկցիան հետևյալն է. գումարի դիմաց դիպլոմ տրամադրել բոլոր ծույլիկներին ու գլուխ պահողներին, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն կարող այդ դիպլոմը ստանալ պետական ԲՈւՀ-երում: Ոմանց պարագայում խնդիրը վարձավճարի չափն է, ոմանց համար՝ ցածր ինտելեկտուալ ու կրթական ցենզը, ոմանք էլ այնքան անհույս են, որ երկու տառ իրար չեն կարող կպցնել, որ մի բան էլ դիպլոմ ստանան:

Արդյունքում, աշխատանքային շուկան հեղեղվում է նոմինալ այս կամ այն մասնագիտությունն ունեցող դիպլոմավորված անձանցով, որոնց գործնական որակներն անսահման մոտ են 0-ի, ու բացի դրանից, հաշվի առնելով ավանդական հայկական կոմպլեքսը՝ դիպլոմ ունենալ, մենք կորցնում ենք միջնակարգ-մասնագիտական կրթության համար պիտանի կոնտինգենտը: Ընդ որում, ո՞վ է ասել, որ միջնակարգ-մասնագիտական կրթությամբ մասնագետները պակաս կարևոր են, քան բարձրագույն կրթություն ստացածները: Ո՞ւմ է պետք ինժեները, եթե չլինի ինժեների նախագծերը ռեալ պրոդուկտ դարձնող բանվորը, խառատը, հյուսնը և այլն:

Իմ կարծիքով, որպեսզի դա չունենա շոկային էֆեկտ, մենք մի քանի տարբվա ընթացքում պետք է փակենք գրեթե բոլոր մասնավոր ԲՈւՀ-երը՝ թողնելով միայն իրապես որակյալ կրթություն ապահովող հաստատությունները, ու փոխարենը պետք է ձեռնամուխ լինել տեխնիկումները վերաբացելուն, ինչպես նաև մարդկանց այդ կաղապարված կարծրատիպից, համաձայն որի՝ դիպլոմ ունենալն ինքնանպատակ է, դուրս բերելուն ուղղված քարոզչությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել