Tert.am-ը գրում է.

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ նշեց, որ այսօր անվտանգության և պաշտպանության խնդիրը նոր Սահմանադրության մեջ երաշխավորված է:

«Քննարկումներին մենք մշտապես մասնակցել ենք, տվել ենք մեր առաջարկությունները, մեր բոլոր առաջարկություններն անցել են և այսօր անվտանգության և պաշտպանության խնդիրը նոր Սահմանադրության մեջ երաշխավորված է»,-ասաց նա:

Պատերազմական և խաղաղ պայմաններում երկրի գերագույն գլխավոր հրամանատարի հարցով նախարարը նշեց, թե որևէ  առարկություն չունեն: Նշենք, որ ըստ նախագծի՝ «Զինված ուժերի» և «ռազմական դրության» վերաբերյալ գլուխներում ամրագրված է մասնավորապես այն, որ պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է, իսկ խաղաղ պայմաններում՝ պաշտպանության նախարարը:

Իսկ թե ըստ նախարարի՝ հետագայում իրեն ևս տեսնում է որպես Պաշտպանության նախարար, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես իմ պարտականությունը կատարում եմ այն պահին, երբ որ նշանակված եմ տվյալ պաշտոնին: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, իմ պարտքը իմ հայրենիքի հանդեպ կկատարեմ մշտապես՝ որտեղ էլ լինեմ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել