БоноԻռլանդական հայտնի U2 խմբի վոկալիստ Բոնոն դարձել է աշխարհի ամենահարուստ երաժիշտը` շնորհիվ Facebook սոցիալական ցանցում հաջող ներդրման։ Ինչպես գրում է բրիտանական The Daily Mirror–ը` 55–ամյա երգիչը, ում իսկական անունը Փոլ Հյուսոն է, 2009 թ.–ին իր հիմնադրած Elevation Partners ներդրումային ընկերության հետ համատեղ 56 միլիոն ֆունտով (86 միլիոն դոլար) ձեռք էր բերել Facebook սոցիալական ցանցի բաժնետոմսերի 2,3%–ը։ 1976 թ.–ին հիմնադրված երաժշտական խմբի լիդերի արժեթղթերի այսօրվա արժեքը, համաձայն պարբերականի աղբյուրների, կազմում է 940 միլիոն ֆունտ (1,45 մլրդ դոլար)։

Այդպիսով, 6 տարվա ընթացքում արժեթղթերի շուկայում Բոնոն վաստակեց այնքան, որքան չէր վաստակել իր 39 տարվա երաժշտական կարիերայի ընթացքում։ U2 խումբն իր գոյության ողջ ընթացքում վաճառել է 170 միլիոն օրինակ ալբոմ և արժանացել է 22 «Գրեմմի» երաժշտական մրցանակի։

Հաջողված գործարքի արդյունքում առաջացած կարողությունը Բոբոյին հնարավորություն տվեց շրջանցել «The Beatles» լեգենդար խմբի հիմնադիրներից սեր Փոլ Մաքքարթնիին, ով վաստակել էր 730 միլիոն ֆունտ (1,12 մլրդ դոլար) և փոփ երաժշտության թագուհի Մադոննային, ում բանկային հաշվեհամարին 520 միլիոն ֆունտ (801 միլիոն դոլար) գումար կա։ 

Միևնույն ժամանակ ասել, որ սոլիստը հաջողակ է բոլոր այն ներդրումային ծրագրերում, որոնց մասնակցել է, սխալ կլինի։ The Daily Mirror–ի տվյալներով` 2005 թ.–ին Բոնոյի և նրա կնոջ` Էլի Հյուսոնի հիմնադրած, հագուստի արտադրությամբ զբաղվող Edun ընկերությունը զգալի վնասներ է կրում։ Անցյալ տարի կորուստները գնահատվել են 3,4 միլիոն ֆունտ (5,2 միլիոն դոլար), իսկ գոյության այս 8 տարիների ընթացքում ընդհանուր առմամբ 44 միլիոն ֆունտի (67,8 միլիոն դոլար) վնաս է կրել։ Բայց Բոնոն և ընկերության համահիմնադիրները մտադիր չեն հրաժարվել իրենց նախագծից, քանզի վստահ են, որ ներկա բիզնես-մարտավարությունը կբերի նրան, որ ընկերությունը կդառնա հաջողակ և խոստումնալից բրենդային հագուստի արտադրող։ Իսկ համաշխարհային հեղինակություն վայելող սոցիալական ցանցից եկած եկամուտներն այդ հարցում ավելորդ չեն լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել