Tert.am-ը գրում է.

Նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ զուգահեռ աճում են ծաղիկների գները: Եթե ոչ տոնական օրերին միջին չափի մեկ ծաղկեփունջը ծաղկի կրպակից կարելի է գնել 4000 դրամով, ապա սեպտեմբերի 1-ին ընդառաջ այն վաճառվում է 6000-7000 դրամ: Կրպակատերերն այդ գնաճը պայմանավորում են նրանով, թե մեծածախ շուկայից իրենք արդեն բարձր գնով են ձեռք բերում ծաղիկները:

Tert.am-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ ինչպես գյուղացիական արտադրանքի շուկան, այնպես էլ ծաղկի շուկան մեր երկրում ահավոր վատ վիճակում է:

«Այդ շուկայում անկանոն գնաճ ունենում ենք ոչ միայն սեպտեմբերի 1-ին ընդառաջ, այլ նաև՝ մարտի 8-ին ու ապրիլի 7-ին, ուսուցչի տոնին»,-ասաց նա` ավելացնելով, որ խնդիրն ի հայտ է գալիս այն պարզ պատճառով, որ չկան հստակ կարգավորման մեխանիզմներ:

«Որևէ համակարգ ներդրված չէ՝ լինի դա գյուղմթերք թե ծաղիկներ: Պետք է այդ ամենի համար լինի իրատեսական գին՝ հստակ սահմանված: Այսպիսի դեպքերում ջերմոցատերն իր տնտեսությունը կառուցելիս մտածում է, որ այդ օրերի հաշվին է իր շահույթն ապահովվելու»,- ասաց սպառողների շահերի պաշտպանը:

Սպառողների համար էլ, ինչպես Բաբկեն Պիպոյանն է ասում, արդեն անակնկալ չեն այդ թանկացումները, բացի այդ էլ, ըստ նրա՝ կա պահանջարկ և կա առաջարկ:

Բաբկեն Պիպոյանի խոսքով՝ այդ ամենը կարգավորելու համար պետք է այնպես լինի, որ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովը կարողանա կարգավորող գործառույթ իրականացնել:

«Իսկ քանի դեռ չկա կարգավորման մեխանիզմ, այս խնդիրը միշտ էլ ունենալու ենք»,-նկատեց Բաբկեն Պիպոյանը:

Նրա խոսքով՝ ջերմոցային մասում գնաճ կա, սակայն այն անհամեմատ ավելի ցածր է, քան վերավաճառքի գինը:

«Սպառողն այս օրերին մոտավորապես 75% ավելի գին է վճարում ծաղկի համար, ավելացրած նաև այն, որ ծաղկեփնջերի չափերն այս օրերին ավելի փոքրանում են»,-նկատեց Բաբկեն Պիպոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել