Tert.am-ը գրում է.

Հայկական ազգանունով որևէ մեկի համար Ադրբեջան մուտքի արգելքն ամբողջովին տեղավորվում է այս երկրի կողմից տարվող հայատյաց քաղաքականության ուղեգծի մեջ, եթե անգամ նա ֆուտբոլի համաշխարհային աստղ է:

Եվրոպայի լիգայի խմբային փուլի վիճակահանության հետևանքով հոկտեմբերին 22-ին կայանալիք Դորտմունդի  «Բորուսիա»-ադրբեջանական «Գաբալա»  ֆուտբոլային հանդիպմանը գերմանական «Բորուսիայի» հայազգի խաղացող Հենրիխ Մխիթարյանի մասնակցության դեպքում քրեական գործ հարուցելու՝ Ադրբեջանի սպառնալիքը Tert.am–ի հետ զրույցում այսպես մեկնաբանեց  ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Հայատյացությունը Ադրբեջանի պետականաշինության և գաղափարախոսության հիմքն է, երբ նրանք ցանկացած հայի դիտարկում են որպես թշնամու՝ անկախ նրանից, թե այդ հայը համաշխարհայի՞ն աստղ է, անխախ նրանից, որ նա քաղաքականությամբ չի զբաղվում»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները ակնարկել էին, որ «Բորուսիայի» ազգությամբ հայ ֆուտբոլիստը Բաքվում կձերբակալվի, հիշեցնելով, թե նա 2011-ին Լեռնային Ղարաբաղ այցելելով՝ «Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանը հատել է անօրինական ձևով»:

Դավիթ Բաբայանն ափսոսանք է հայտնում, որ «Եվրոպական առաջին խաղեր կոչված» միջոցառումն անցկացվել է այս երկրում:
«Դե թող այն ուժերը, որոնք օգնում էին Ադրբեջանին, գովաբանում՝ այդ խաղերի համար, թող համապատասխան եզրակացության հանգեն»,- ավելացրեց նա:

ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Տիգրան Բալայանն էլ,  անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի հետ կապված ադրբեջանական աղմուկին, ասաց, որ Ադրբեջանի այս մոտեցումը  զավեշտալի է և նորություն չէ։

«Քանի որ  հայկական ազգանունով որևէ մեկի համար Ադրբեջան մուտքն արգելված է, ինչն ամբողջովին տեղավորվում է հայատյացության քարոզչության այդ երկրի կողմից տարվող քաղաքականության ուղեգծում: Իրավիճակն այնքան զավեշտալի է դարձել, որ անցյալ տարի Բաքվի օդանավակայանում արգելել էին Ադրբեջան մուտք գործել ազգությամբ թուրք, Թուրքիայի քաղաքացու, ում ազգանունը ավարտվում էր «յան»-ով»։

Միևնույն ժամանակ, Տիգրան Բալայանը ևս գտնում է, որ Ադրբեջանի՝ քրգործ հարուցելու այս սպառնալիքները որևէ կերպ պայմանավորված չեն Հենրիխ Մխիթարյանի՝ Արցախ այցելությունով։

Tert.am –ը ստեղծված իրավիճակի կապակցությամբ  զրուցեց նաև Հայաստանի ֆուտբոլային աշխարհին մոտ կանգնած  մի պաշտոնյայի հետ (ով ցանկացավ անանուն մնալ, քանի որ ՈՒԵՖԱ-ի կանանոնադրությամբ՝  նրանց արգելված է ՈՒԵՖԱ-ի մրցումների վերաբերյալ մեկնաբանություններով հանդես գալ):

Պատասխանելով հարցին, թե ստեղծված իրավիճակից ինչ հնարավոր ելքեր կան, այսինքն՝ նման դեպքերում ինչ է արվում, նա նշեց, որ նման նախադեպեր առ այսօր չեն եղել:

Սակայն նա նշեց, որ մի ֆուտբոլիստի մասնակցության անհնարինությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ խաղ տեղափոխելու կամ չխարկելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել